Հրապարակվեց: Пт, Ноя 16, 2018
...

«Թուրքիայի ՆԳ նախարարը երկրի ներքին խաղաղության համար ամենամեծ սպառնալիքն է». Փայլան

Տարածել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկրի ներքին անդորրը վտանգող ամենամեծ «գործոնը» հենց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է:

Ինչպես գրում է թուրքական artigercek.com կայքը, Փայլանը մեղադրել է նախարարին ժողովրդի շրջանում միմյանց հանդեպ ատելություն ու խժդժություն սերմանելու, ընդդիմադիր գործիչներին սպառնալու և երկրի քրդաբնակ շրջաններում ինքնակառավարման մարմիններում պետական վերահսկիչներ նշանակելով՝ բռնապետական կարգեր հաստատելու համար:

«Նախարարը հեռախոսով սպառնացել է երկրի երրորդ ամենամեծ կուսակցության համանախագահին: «Շաբաթօրյա մայրեր» ակցիայի մասնակից մայրերը 700 շաբաթ շարունակ նստել են այդ հրապարակում, այսօրվա ՆԳ նախարարը դուրս է գալիս, այդ կանանց «ահաբեկիչ» է ասում: Այս նախարարը երկրի ներքին խաղաղության համար մեծ սպառնալիք է, այս երկրի խաղաղության դեմ ամենամեծ սպառնալիքը նման նախարարի դիրքորոշումն է», — ասել է Փայլանը:

Նա նաև հիշեցրել է որպես «ահաբեկիչ» բանտերում հայտնված բազմաթիվ ընդդիմադիր լրագրողների ու հասարակական գործիչների մասին:

«Հասարակության մի մասը ՆԳ նախարարի արածների համար ասում է «Բրավո», մի մասն էլ ասում է, թե «Ա՛յ ընկեր, պետությունն ինչո՞ւ է ինձ տանջում»: Այս երկրում կան հայրեր, որոնք ինքնասպան են եղել, քանի որ իրենց երեխայի համար տաբատ չեն կարողացել գնել: Իրենց հողը մշակել չկարողացող գյուղացիներ, իրենց երեխային ծախսի գումար տալ չկարողացող պետական աշխատողներ:

Այս մասին նոր բյուջեի նախագծի մեջ խոսք չկա», — նշել է հայազգի պատգամավորը:

Մեկնաբանություններ