Հրապարակվեց: Пт, Дек 28, 2018
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Թուրքական ամենաընթերցվող պարբերականի լրագրողին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում

Տարածել
Թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ» պարբերականի լրագրողներից Արդա Աքընին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրան մեղադրում են Թուրքիայում 2016 թվականին հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Ծառայություն» շարժման հետ կապ ունենալու և աջակցելու համար, tert.am-ի հաղորդմամբ գրում է «Սաբահ» պարբերականը:

Մեղադրական ակտի մեջ տեղ են գտել լրագրողի Twitter-ի էջում տեղ գտած որոշ գրառումներ, որոնք նա արել է դեռևս 2016-ի հունիսին և որոնցից կարելի է ենթադրել, որ վերջինս տեղյակ է մոտ ապագայում երկրում տեղի ունենալիք բուռն զարգացումների մասին:

2016-ի հունիսի 20-ի գրառման մեջ Աքընը, մասնավորապես, գրել է. «Հուլիսին չենք կարողանա քնել, հիմա մի լավ քնեք: Ասում են՝ վերջին 200 տարվա ամենաթեժ հուլիսն է սպասվում»:

Մեկ այլ՝ հունիսի 18-ի գրառման մեջ նա նշել է. «Մեծ թափով գնում ենք դեպի շատ բարդ շրջան…Վերջը թող բարի լինի»:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Մեկնաբանություններ