Հրապարակվեց: Ср, Ноя 28, 2018
...

«Թատրոնն սկսվում է կախիչից». Քոչարյանի փաստաբանի համոզմամբ՝ գործի քննությունն սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ

Տարածել
Tags

«Թատրոնը սկսվում է կախիչից». լրագրողների հետ զրույցում նման պատասխան տվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք պաշտպանական կողմը կարծում է, որ կանխորոշվա՞ծ է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը:

Tert.am-ի հաղորդմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընդհատվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության հարցը: Դատարանը գնացել է խորհրդատվական սենյակ և ժամը 17:00-ին միայն կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության մասին որոշումը:

«Այսինքն, եթե այս գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք որևէ ակնկալիք չունենք, որ գործի ավարտը կարող է լինել օրինական, որովհետև հիմքը սա է»,-ասաց փաստաբանը և նշեց, որ հենց այդ պատճառով է, որ որոշել են դատավորին ինքնաբացարկ ներկայացնել, որ գործը քննվի այն կազմի կողմից, որն իրականում օրենքով  սահմանված կարգով կընտրվի:

Նշենք, որ նիստը նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է

«Դրա համար ասացինք, որ եթե դատավորը ինքնաբացարկ հայտնի, և որոշվի՝ ով է քննելու, եթե օրինական ճանապարհով որոշվի, որ էլի ինքն էլ քննելու, հնարավոր է, որ մենք իր անձի հետ կապված ընդհանրապես խնդիր չտեսենք: Մեզ հետաքրքիր է, որ որոշվի օրենքի հիման վրա»,-ասաց նա:

Հայկ Ալումյանը լրագրողներին ներկայացրեց իրենց կողմից ինքնաբացարկի միջնորդության հիմքերը: Նա նշեց, որ իրենք տեղեկացել են, որ վիճակահանություն է եղել Վերաքննիչ դատարանում, որի ընթացում որոշվել է, թե որ դատավորը պետք է քննի այս գործը; Ալումյանի խոսքով՝ օրենքով նման բան նախատեսված չէ, և իրենք դատավորից են փորձել ճշտել, որն էլ հաստատվել է:

«Դատավորը երեկվա նիստին հաստատեց, որ եղել է վիճակահանություն: Այդ ժամանակ միջնորդել ենք, որ այդ վիճակահանության գործողության արձանագրությունը ստանանք, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքում ցանկացած գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա»,-ասաց նա և նշեց, որ իրենց դատավորը տեղեկացրել է նաև, որ այդպիսի արձանագրություն չկա:

«Նա որոշ լրացուցիչ պարզաբանումներ տվեց, որոնք սաստկացրին կասկածները, որ թեև եղել է վիճակահանություն և վիճակահանության ժամանակ ինքն է քաշել թուղթը, ինչից ստացվում է, որ պետք է ինքը քննի գործը, բայց ինքը չգիտի, երբ դատարանի նախագահի պաշտոնակատարը գործն իրեն է հանձնել, այդ վիճակահանության արդյունքներն է նկատի ունեցել, թե ինչ-որ այլ չափանիշի վրա է հիմնվել: Այսինքն՝ դատավորն էլ ավելի մեծ անորոշություն մտցրեց, թե ինչ չափանիշների հիման վրա է որոշվել, որ ինքը պետք է քննի գործը»,-պարզաբանեց Ալումյանը:

Դատավորը նաև առաջարկել է պաշտպանական կողմին, որ պարզեն դա դատարանի նախագահի պաշտոնակատարից, ինչը և իրենք փորձել են երեկ անել և գրություն են կազմել, որ իրենց տրամադրեն վիճակահանությունը, և թե ինչ չափանիշներ են կիրառվել դատավորի անձը որոշելու համար:

Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանի նախագահի պաշտոնակատարն ասել է, որ իրոք եղել է վիճակահանություն, բայց արձանագրություն չկա և գրել է իրար հակասող սկզբունքներ, որ որոշվել է պատահականության և դատավորների ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա: «Դա արդեն հակասություն է, եթե ծանրաբեռնվածություն է, պատահականություն չի կարող լինել և հակառակը»,-ասաց փաստաբանը և նշեց, որ իրենք նկատի ունեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ի թիվս այլի՝ օրենքով ստեղծված, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործը քննի օրենքի հիման վրա ստեղծված դատարանը, այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում պետք է կազմը որոշվի օրենքի հիման վրա և մենք դատարանին ցույց տվեցինք, որ չկա օրենք, որ նախատեսած լիներ այնպիսի ընթացակարգ, որ տվյալ գործով կիրառվել:

Իսկ թե միջնորդության վերաբերյալ դատախազությունն ինչ կարծիք ուներ, փաստաբանն ասաց, որ չեզոք դիրքորոշում հայտնեց: «Զարմանալիորեն քննիչն իր հերթին ասաց, որ ինքն էլ է կարծում, որ տվյալ դատավորը չպետք է քննի այս գործը: Կարծում եմ՝ այդպես արեց, որ ստեղծի պատրանք, իբրև թե երկու կողմերն էլ դատավորից դժգոհ են: Սովորաբար դա տակտիկական քայլ է, եթե մի կողմը դատավորից դժգոհ է, մյուսն էլ ուզում է, որ անպայման այդ դատավորը քննի, ինքն էլ իր հերթին է դժգոհում, և կողմնակալ անձին թվում է, թե երկու կողմն էլ, եթե դժգոհ են, ուրեմն իրականում ինքը շատ օբյեկտիվ դատավոր է»,-ասաց նա:

Ի դեպ, Ալումյանը նաև նշեց, որ մինչև այս պահը չեն քննարկվել այն հիմնավորումները, որոնց հիման վրա պետք է Քոչարյանը կալանավորվի: «Գործը, ըստ էության, մինչև այս պահը չի քննարկվել, քանի որ առայժմ որոշվում է, թե որ դատավորը պետք է շարունակի գործը քննել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ