Հրապարակվեց: Пт, Сен 27, 2019
...

Էրդողանն առաջարկել է Թրամփին ռուսական С-400-ներին զուգահեռ ամերիկյան Patriot համակարգեր գնել ԱՄՆ-ից

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներին զուգահեռ գնել նաև ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրներ, գրում է Reuters-ը:

Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի` 5-րդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին Անկարայի մասնակցության հարցն արդեն փակված է:

«Ես ԱՄՆ-ին առաջարկ եմ արել. ես Թրամփին ասել եմ, որ մենք կարող ենք ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերին զուգահեռ նրանցից գնել նաև ամերիկյան արտադրության Patriot-ներ»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի առաջնորդը նաև նշել է, որ Թրամփն առաջարկել է միացյալ ուժերով աշխատել տվյալ հարցի շուրջ:

Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Մեկնաբանություններ