Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Էրդողանի թեկնածուն պարտվել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում. Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր քաղաքապետին

Տարածել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում՝ ստանալով քվեների 54%-ը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, նրա գլխավոր մրցակիցը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդունել է իր պարտությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նոր քաղաքապետին:

«Շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին, որը, ըստ նախնական արդյունքների, հաղթել է ընտրություններում»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նախագահը:

Ինչ վերաբերում է հաղթած թեկնածուին, ապա նա հայտարարել է, որ սրանով թե՛ Ստամբուլի, թե՛ Թուրքիայի համար «նոր փուլ» է սկսվում:

«Մենք Ստամբուլի պատմության մեջ նոր էջ ենք բացում: Այդ էջում կլինի արդարություն, հավասարություն և սեր»,-հայտարարել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, քաղաքապետի կրկնակի ընտրություն անցկացնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը հրաժարվել էր ընդունել ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի հաղթանակը՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում:

BBC-ն նկատում է, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իր կուսակցության թեկնածուի հաղթանակը չափազանց կարևոր էր նախագահ Էրդողանի համար, որի համոզմամբ՝ «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»:

Մեկնաբանություններ