Հրապարակվեց: Сб, Ноя 03, 2018
...

Էրդողանը հայտարարել է, որ Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տրվել է Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձանցից

Տարածել

Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանը հայտարարել է, որ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանն արձակվել է Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձանցից, սակայն թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը ոչ մի կապ չունի այս հանցագործության հետ: Այս մասին Էրդողանը գրել է իր հոդվածում, որը հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, հրապարակել է The Washington Post-ը:

«Մենք գիտենք, որ սպանությունն իրագործածները գտնվում են այն 18 կասկածյալի շրջանում, որոնք ձերբակալվել են Սաուդյան Արաբիայում: Մենք նաև գիտենք, որ այդ անձինք եկել էին հրամանը կատարելու՝ Խաշոգջիին սպանելու և հեռանալու համար: Եվ վերջապես մենք գիտենք, որ Խաշոգջիին սպանելու հրամանը սաուդյան կառավարության ամենաբարձր մակարդակից է տրվել», — գրել է Էրդողանը՝ հավելելով, սակայն, որ Սաուդյան Արաբիայի միապետը ոչ մի կապ չունի սպանության հետ:

«Ես վայրկյան անգամ չեմ հավատում, որ թագավոր Սալմանը՝ սուրբ մզկիթների պահապանը, հրամայել է հարձակվել Խաշոգջիի վրա: Ուստի՝ ես չունեմ պատճառ ենթադրելու, որ այս սպանությունը Սաուդյան Արաբիայի պաշտոնական քաղաքականույան արտացոլումն է», — ընդգծել է նա:

Թուրքիայի նախագահի կարծիքով՝ սաուդացի լրագրողի սպանությունը բարդություններ չի ստեղծում Անկարայի և Էր Ռիադի միջև հարաբերությունների համար: Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ բարեկամական հարաբերությունների պատճառով թուրքական իշխանությունները մտադիր չեն «աչք փակել» Խաշոգջիի սպանության վրա և ավարտին են հասցնելու հետաքննությունը:

Մեկնաբանություններ