Հրապարակվեց: Пн, Мар 04, 2019
...

Էստոնիայի խորհրդարան է անցել հինգ կուսակցություն

Տարածել
Tags

Էստոնիայում մարտի 3-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել հինգ կուսակցություն: Ձայների քանակով առաջատարն ընդդիմադիր «Բարեփոխում» կուսակցությունն է, որը խորհրդարանի 101 տեղից ստացել է 34-ը, իսկ երկրորդ հորիզոնականում է հայտնվել իշխող կոալիցիայի Կենտրոնական կուսակցությունը, որն էլ կստանա 26 մանդատ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Հանրապետական ընտրական հանձնաժողովին հղումով:

«Նախնական տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո «Բարեփոխում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 28,8 տոկոսը (ինչն Էստոնիայի խորհրդարանում 101 մանդատից 34-ը ստանալու իրավունք է տալիս), Կենտրոնական կուսակցությունը՝ 23 տոկոսը (26 մանդատ), Պահպանողական ազգային կուսակցությունը՝ 17,8 տոկոսը (19 մանդատ), Isamaa կուսակցությունը՝ 11,4 տոկոսը (12 մանդատ), Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,8 տոկոսը (10 մանդատ)», — ասվում է հաղորդագրության մեջ:

Կառավարություն ձևավորելու իրավունք է ստանում ձայների թվով առաջատար կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Էստոնիայում երեկ՝ մարտի 3-ին, խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում, որոնց արդյունքում պետք է ընտրվեր գերագույն օրենսդիր մարմնի՝ Ռիյգիկոգուի 101 պատգամավոր: Քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը 09:00-ին (երևանյան ժամանակով ժամը 11:00-ին) և ավարտվել 20:00-ին (երևանյան ժամանակով ժամը 22:00-ին):

Մեկնաբանություններ