Հրապարակվեց: Чт, Окт 11, 2018
...

Էդուարդ Շարմազանովը` Թուրքիային. «Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման անհնար է խուսափել նոր ոճրագործություններից»

Տարածել
Tags

Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների խոսնակներին`այս միջոցառումը նախաձեռնելու եւ ամենամեծ մայրցամաքի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների միջեւ երկխոսության հարթակ ստեղծելու ուղղված ջանքերի համար: Միջխորհրդարանական համագործակցության այս ձեւաչափը կարճ ժամանակում ապացուցեց իր արդիականությունն ու կարեւորությունը: Լինելով հնագույն մշակույթների եւ քաղաքակրթությունների ծննդավայր` եվրասիական տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի: Անհրաժեշտ է մեծացնել մայրցամաքի երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում: Հարգելի գործընկերներ, Հայաստանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, հազարավոր տարիների ընթացքում կապող օղակ է հանդիսացել աշխարհի երկու մասերի միջեւ: Այսօր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության զարգացումը շահագրգիռ երկրների եւ հիմնական ինտեգրացիոն միավորումների հետ: Այսպիսով, անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք հիմք ենք ընդունում, որ մեկ ինտեգրացիոն համայնքում անդամակցությունը չպետք է սահմանափակի անդամների` այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունը` հաշվի առնելով բոլոր պարտավորությունների կատարումը: Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս առումով շրջափակումը եւ փակ սահմանները անբնական եւ անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին: Ցավոք, Թուրքիան, երկիր, որը կազմակերպել է նման կարեւոր եւ ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է: Ցավոք, այսօր մեր տարածաշրջանը այնպիսի մարտահրավերների առջեւ է, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունն ու այլատյացությունը: Այս տարի աշխարհը նշում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ ամեն տարի աճում է այդ երկրների ու կազմակերպությունների թիվը: Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգորդ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից: Հարգելի գործընկերներ, Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում եւ երկարատեւ խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարեւորագույն հարցերից մեկը: Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության եւ կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ մայրցամաքում: Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտություն չէ, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է: Անդրադառնալով համաժողովի օրակարգին` կցանկանայի նշել, որ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Վերջում, մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հանդիպումը կազմակերպելու համար եւ հաստատում 2020 թվականին համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի պատրաստակամությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/10/986426/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մեկնաբանություններ