Հրապարակվեց: Вт, Ноя 06, 2018
...

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի դեսպաններին

Տարածել
Tags

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի), Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի) եւ Դանիայի դեսպան Ռուբեն Մադսենին (նստավայրը՝ Կիեւ):

Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ գործընկերային հարաբերություններին՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ Դանիայի հետ համագործակցության առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ՝ հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորությունների շրջանակներում:

Որպես երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում փոխգործակցության օրակարգի առաջնային ուղղություններ կողմերն առանձնացրեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների եւ ստեղծագործ կրթության ոլորտները:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության երաշխավորմանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու նպատակով Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ այս գործընթացում կարեւորելով գործընկեր երկրների աջակցությունը եւ համագործակցությունը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը եւ դեսպանները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մեկնաբանություններ