Հրապարակվեց: Пт, Дек 21, 2018
...

Թուրք իրավապահները տեղեկացել, բայց չեն հաղորդել Դինքի սպանության նախապատրաստման մասին

Տարածել
Tags

Ստամբուլի թիվ 14 առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող և մտավորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը, հայտնում է «Ակօս»-ը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրության առջև:

Նախօրեին կայացած նիստում որպես վկա հանդես է եկել Տրապիզոնի նախկին նահանգապետ Հուսեյին Յավուզդեմիրը: Նա պատմել է, որ Դինքի սպանության մասին առաջին անգամ լսել է հեռուստացույցով, այդ ժամանակ նրա կողքին է եղել նահանգի ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, որն անմիջապես Յավուզդեմիրին ասել է. «Այս գործի հետևում կարող է տրապիզոնցի մեկը լինել»:

Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթը ծնունդով Տրապիզոնից է, ըստ Դինքի ընտանիքի փաստաբանների՝ Տրապիզոնի Ժանդարմերիայի հետախուզության բաժինը տեղյակ է եղել սպանության նախապատրաստման մասին, սակայն անհրաժեշտ զգուշացումներ Ստամբուլի իրենց գործընկերներին չի հղել՝ դիտավորյալ չկանխելով սպանությունը:

«Հետախուզության կոմիտեի նահանգային վարչությունը, Ժանդարմերիան, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները եթե լսել են մի սպանության նախապատրաստման մասին և իրենց ձեռքում լուրջ տեղեկություն ունեն՝ պետք է գրավոր զեկուցեն նահանգապետարանին, ես էլ պետք է Ստամբուլի նահանգապետարանին համապատասխանաբար դիմեմ ու պահանջեմ այդ անձի անվտանգության ապահովումը», — բացատրել է նախկին նահանգապետը՝ պնդելով, որ իրեն որևէ զգուշացում չի եկել:

Նա նաև հաստատել է, որ Տրապիզոնի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից Ռամազան Աքյուրեքը հետագայում իր հետ խոսակցության ժամանակ հաստատել է, որ ստացել է սպանության նախապատրաստման մասին տեղեկությունը, սակայն չի հաղորդել համապատասխան մարմնին:

«Ավելի ուշ ոստիկանությունից Ռամազան Աքյուրեքին հարցրի, թե ինչու ինձ չի ասել նման տեղեկության առկայության մասին, ասաց՝ «Երանի ասած լինեի»,- ասել է Տրապիզոնի նախկին նահանգապետը:
Այս դատական նիստի ընթացքում որոշում է կայացվել գործող 85 մեղադրյալներից երկուսի՝ նախկին գեներալ Համզա Ջելեփօղլուի և նախկին ենթասպա Յավուզ Քարաքայայի ազատ արձակման վերաբերյալ:
Մեկնաբանություններ