Հրապարակվեց: Пт, Окт 25, 2019
...

Ես կատարում եմ իմ աշխատանքը, եթե դրա անունը դրել ենք պայքար, ապա դա արժանապատիվ ապրելու, սեփական խղճի հետ գործարքի չգնալու և անկախ դատական համակարգ ունենալու պայքար է. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Տարածել
Tags

Ես հայտարարել եմ, որ այն պահին, երբ հինգ դատավոր կմտնի իմ աշխատասենյակ և կասի, որ Ձեզ շատ ենք հարգում, Դուք լավ մարդ եք, Դուք լավ մասնագետ եք, բայց գիտեք, ոնց որ թե Ձեր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինել, չեք կարողանում սուր ծայրերը հարթել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել, ես պատրաստ եմ հրաժարական տալու: Այս մասին այսօր 168.TV-ի «Pressing» հաղորդման ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

 Հարցին, թե հանդիպե՞լ է ՍԴ դատավորների հետ, և բոլո՞րն են ներկա եղել, Հրայր Թովմասյանն ասել է, որ չի հիշում, բայց ութ դատավոր ներկա է եղել։ «Դատավորների հետ ես խոսել եմ շատ անկեղծ, որ, գիտեք, ձեզ չեն կարգել դիրեկտոր, և դուք իմ ենթակաները չեք, ես ձեզնից մեկն եմ և իմ գլխավոր խնդիրը ՍԴ-ի բնականոն գործունեությունն ապահովելն է: Ես հայտարարել եմ, որ այն պահին,երբ հինգ դատավոր միասին կմտնի իմ աշխատասենյակ և կասի, որ Ձեզ շատ ենք հարգում, Դուք լավ մարդ եք, Դուք լավ մասնագետ եք, բայց գիտեք, ոնց որ թե Ձեր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինել, չեք կարողանում սուր ծայրերը հարթել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել, ես պատրաստ եմ հրաժարական տալու և մնալու որպես դատավոր: Ես բաց եմ ցանկացած քննարկման, եթե դա նպաստելու է իմ երկրին, ինձ համար որևէ արգելք չկա: Դուք կարծում եք՝ ես նման վարձատրությամբ պաշտոն չե՞մ ունենա, այս պրոցեսները իրոք հաճելի չեն»:

Դիտարկմանը, թե վերջինիս հրաժարականն են պահանջում, և տպավորություն է, որ ՀՀ-ում առկա բոլոր հարցերը ստորադասվել են և թիվ մեկ հարցը դա է, իշխանությունը նշում է, որ եղել է հեղափոխություն, որը պետք է ավարտին հասցվի, ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում ՍԴ-ն, որը կարող է վտանգել իշխանության ձեռքբերումները, Հրայր Թովմասյանն ասել է.«Իմ կարծիքով, որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև Սահմանադրական դատարանը մեկ խնդիր ունի՝ երկրում ապահովել սահմանադրականություն, հետևել իր լիազորությունների շրջանակում, որ սահմանադրականությունը պահպանվի»:

Լրագրողի հարցին,թե մեղավորություն չի՞ զգում, որ երկրում բազմաթիվ հարցեր մնացել են իր հրաժարականի պահանջի պատճառով, Հրայր Թովմասյանն ասել է.«Ես մեղավորություն զգում եմ տարբեր հարցերում, որ արդյո՞ք ունենք ուժային կառույցներ, որոնց խնդիրը ոչ թե պետությանը, այլ օրվա իշխանությանը ծառայելն է, այսինքն՝ նման դրսևորումներ մեր իրականությում կան, ես մեղավորություն եմ զգում, որ իմ՝ նախարար և պատգամավոր լինելու տարիներին չի ստեղծվել այն համակարգը, որ կալանքը, ձերբակալությունը չդիտարկվի ինչ-որ ցուցմունք կորզելու կամ պատժիչ միջոց, ես այս առումներով ինձ մեղավոր զգում եմ: Եթե վերջին հաշվով իմ հրաժարականն է լինելու մեր երկրի զարգացման գրավականը, մեր երկրում առկա խնդիրների լուծումը, ապա Հրայր Թովմասյանի համար, վստահեցնում եմ Ձեզ, երկիր, հայրենիք, անվտանգություն, սրանք շատ ու շատ ավելի բարձր արժեքներ են, քան Հրայր Թովմասյանի պաշտոնը, Հրայր Թովմասյանը պատմության մեջ չպետք է մտնի, որպես ՍԴ նախագահ, Հրայր Թովմասյանին  կարող են հիշել որպես տարբեր օրենքների հեղինակ, Սահմանադրության հեղինակ, երկու հայկական պետությունների Սահմանադրության մասնակցության հեղինակ, և Հրայր Թովմասյանը որտեղ կլինի մի ամիս հետո, մի ՀԿ-ի ղեկավոր կլինի, ֆոնդի ղեկավար կլինի, ՍԴ դատավոր կլինի, Հրայր Թովմասյանի համար դա հինգերորդական, տասներորոդական հարց է»:

Դիտարկմանը, թե հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ է իր այս համառությունը, Հրայր Թովմասյանն ասել է.«Ինձ ասում են՝ պայքարել, ես այդ պայքարելը չեմ հասկանում, ես հասկանում եմ, որ ես գնում եմ աշխատանքի, կատարում եմ իմ աշխատանքն ու գնում եմ տուն, եթե դրա անունը դրել ենք պայքար, դա պայքար է արժանապատիվ ապրելու, դա պայքար է սեփական խղճի հետ գործարքի չգնալու, դա պայքար է, վաղը, մյուս օրը, հինգ տարի հետո անկախ դատական համակարգ ունենալու, բայց այդ պայքարը Հրայր Թովմասյանն իրականացնելու է՝ լինի ՍԴ-ում, լինի հասարակական կազմակերպությունում, սա հինգերորդական հարց է, վստահեցնում եմ՝ երկրի առջև ծառացած խնդիրներն ավելի բարդ են, օրհասական են: Նայենք մեր տարածաշրջանում ինչ պրոցեսներ են ընթանում, և ես ձեզ վստահեցնում եմ, մենք շատ ավելի կարևոր խնդիր ունենք այսօր լուծելու՝ հանրային արժեքների բարձրացում, հասարակական կոնսոլիդացիա: Մենք ունենք լրջագույն արտաքին քաղաքական մարտահրավերներ, և սրանք դնել մի կողմ ու կենտրոնանալ Հրայր Թովմասյանի անձի շուրջ…»:

Մեկնաբանություններ