...

Եթե ներքին ներդրումներ չանենք, արտաքինի մասին խոսելն ավելորդ է, ոչ ոք մեր փոխարեն չի գալու, լուծի մեր խնդիրները. Թաթուլ Մանասերյան

Տարածել
Tags

Հայաստանում ներդրումային քաղաքականություն, ըստ էության, չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Ըստ նրա՝ պետական կառույցները ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնելու համար համակարգված մոտեցում չունեն. «Միայն վարչապետի ջանքերն ու ցանկություններն են, այլ բան չեմ տեսնում»,- նշեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ ներդրումների մասին խոսելիս բոլորը մտածում են արտաքին ներդրումների մասին, մինչդեռ հակառակն է պետք անել. «Եթե ներքին ներդրումներ չանենք, արտաքինի մասին խոսելն ավելորդ է, ոչ ոք մեր փոխարեն չի գալու՝ մեր խնդիրները լուծելու, արտասահմանցին, իմանալով, որ հայերն իրենց երկրում ներդրում չեն անում, ինչո՞ւ պիտի շահագրգիռ լինի ներդրում կատարել»,- ասաց տնտեսագետը:

2018 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, կանխատեսելի էր. «Բարդ տարի էր ոչ միայն իշխանափոխության պատճառով, այլև ներքին և արտաքին զարգացումներով, որոնք թույլ չէին տալիս շատ ավելի համարձակ ծրագրեր իրականացնել»:

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ եղած արդյունքը շատ մեծ դժվարությամբ է ձեռք բերվել, քանի որ տնտեսության զարգացման որոշ տենդենցներ, ըստ էության, կասեցվել են. «Մասնավորապես հանքաարդյունաբերության հաշվին զարգացումը, Հյուսիս- Հարավ մայրուղու գործոնը, որի ծրագրերի մի մասը սառեցվել է, խաղադրույքներով զբաղվող ընկերությունների հետ կապված պետական կարգավորման ավելի խստացված ռեժիմ է սահմանվում, այն, ինչի հաշվին նախկինում ապահովվում էր տնտեսական աճ, շատ ավելի փոքր դեր է խաղալու»:

Նրա գնահատմամբ՝ տնտեսական զարգացման համար մեծ նշանակություն կունենա գիտությունը՝ նորարարությունները, զբոսաշրջության ոլորտն ու ոսկերչությունը:

«Պետք է ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք հնարավոր կլինի նյութականացնել, այս մասով կան դրական սպասումներ, անցյալ ամիս պարզ դարձավ, որ կապիտալ ապրանքների ներմուծումը նախորդ տարվա համեմատ աճել է 62.5 տոկոսով, ընդ որում դա 9 ամիսների ցուցանիշն էր, 600 միլիոնից ավելի բացարձակ թվային արժեքով ապրանք էր ներմուծվել, սա շատ լավ ցուցանիշ է, որն անմիջականորեն կապվում է գիտության և տեխնոլոգիաների հետ, զբոսաշրջության և ոսկերչության ոլորտներում կարող է երկնիշ աճ գրանցվել, արտաքին շուկա դուրս բերելու հարցում ոսկերչությանը պետք է մրցակցային առավելություն տալ»,-շեշտեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ դրական արդյունքներ ունենալու համար պետք է հստակ ֆիքսվեն գերակայությունները. «Նախ և առաջ պետք է հստակեցվի Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականը, և գործով զբաղվեն պրոֆեսիոնալները»:

Մեկնաբանություններ