...

Եթե մեր առաջարկները չընդունվեն, այլ բան չի մնում, քան դեմ քվեարկել Կառավարության ծրագրին․ Միքայել Մելքումյան

Տարածել
Tags

Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են երաշխիքներ։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրին։

Նա հավելեց, որ եթե ծրագրի մասով իրենց ներկայացրած առաջարկությունները չընդունվեն, ապա իրենց այլ բան չի մնում, քան դեմ քվեարկելը։ Ըստ նրա՝ խնդիրը միայն ծրագրում թվերի բացակայությունը չէ։

«Միայն թվային թիրախների մեջ չէ խնդիրը, 3 հիմնական խնդիր կա՝ ռիսկերն ու ծրագրի կատարման երաշխիքները, ժամանակացույցով ժամկետներն ու ծրագրի իրականացման մեխանիզմները, օրինակ, թե այս կամ այն խնդիրը ֆինանսական ինչ ռեսուրսի հաշվին պետք է լուծվի»,- ասաց նա։

Մելքումյանը դեռևս չի շտապում խոսել այն մասին, թե կառավարության դիրքորոշումն ինչպիսին կլինի իրենց առաջարկների հետ կապված։ Նա հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել ու սպասել։ Նրա խոսքով՝ իրենց նպատակը քննադատել չէ, իրենց հիմնական նպատակն է, որ ի շահ ժողովրդի տնտեսական հեղափոխություն լինի։

«Ծրագիրը պետք է այնպիսին լինի, որպեսզի թույլ տա խորհրդարանական գործունեության ժամանակ ծրագրի նկատմամբ խորհրդարանական պատշաճ վերահսկողություն իրականացնել:

Մեր հարցադրումները գործընկերային են, մենք բարի կամք ենք ուզում ցուցաբերել ու առաջ շարժվել՝ տնտեսական հեղափոխության իրականացման համար, ինչպես նաև քաղաքական կոնսենսուս ունենալով»,- ընդգծեց Մելքումյանը։

Պատգամավորը նկատեց, որ օրինակ՝ ներդրում ու արտահանում ցուցանիշների մեջ Կառավարության ծրագրում հակասություն կա։ Բայց վստահեցրեց, որ իրենք պատրաստ են աջակցել։

Մեկնաբանություններ