Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

«Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլիներ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին». Ալեքսանդր Դուգինը խոսել է «տարածքների վերադարձի» մասին

Տարածել
Tags

Ռուս հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները կարգավորման գործընթացը կշարունակեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցված պայմանների հիման վրա, գրում է caucasus.artinews.ru-ն:

Դուգինի կարծիքով՝ այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում են Ադրբեջանին հինգ, իսկ այնուհետև յոթ «գրավյալ տարածքների վերադարձ», չափազանց կարևոր են հակամարտության լուծման սկիզբը դնելու համար:

Դուգինը նկատում է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվում էր հետևել այդ պայմանավորվածություններին, բայց հիմա նա հակված է շարունակել բանակցային գործընթացը:

Քաղաքագետն ընդգծում է, որ ներկայում Հայաստանը գտնվում է քաղաքական խիստ անկայուն վիճակում, և եթե իշխանափոխություն չլիներ, «հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին»:

Դուգինի խոսքով՝ նախորդ փուլում կողմերն արդեն համաձայնեցրել էին հակամարտության խաղաղ կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

«Այո՛, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը մնալ, բայց դա չի նշանակում, որ Երևանը կարող է Մոսկվային մանիպուլյացիների ենթարկելու փորձեր ձեռնարկել: Չի կարելի Ռուսաստանի հետ գործընկերությունն օգտագործել Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը Հայաստանի ձեռքում չի դառնա Բաքվի դեմ ուղղված գործիք:

Այժմ ՌԴ-ն ռազմավարական գործընկերություն է զարգացնում Ադրբեջանի հետ: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք էլ չեն եղել հակաադրբեջանական: Մոսկվան միշտ էլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին: Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, բայց այդ միությունն Ադրբեջանի դեմ ուղղված չէ: Եվ Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցումը որևէ կախում չունի Հայաստանի հետ հարաբերություններից»,-նշել է Դուգինը:

Քաղաքագետը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահի  ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Անդրկովկաս կատարած այցին:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը բացարձակապես հետաքրքրված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ և որ լարվածության ավելացումը հակաիրանական քաղաքականության համատեքստում ձեռնտու է ԱՄՆ-ին:

«Հակամարտության կարգավորման կառուցողական երկխոսությանը վերադառնալու համար կարևոր է այն երկրների մասնակցությունը, որոնց վրա տվյալ հակամարտությունն անմիջականորեն ազդում է: Խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,-շարունակել է Դուգինը, որի կարծիքով՝ միանգամայն անընդունելի է այն փաստը, որ «ԼՂ-ից ամբողջությամբ վտարվել են ադրբեջանցիները»:

«Դա միանշանակ անընդունելի է, ու նման դրությունն անպայման պետք է փոխվի: Սակայն տվյալ դիրքորոշումն ուղղված չէ հայկական կողմի դեմ: Հայ-ռուսական կամ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չի կարելի դիտարկել ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում»,-եզրափակել է Դուգինը:

Մեկնաբանություններ