Հրապարակվեց: Пт, Май 10, 2019
...

Եթե Արցախի 2 նախագահ դիմել է, որպեսզի Ռ. Քոչարյանին թույլ տան մասնակցել Եռատոնին, պետք է հարգեին և նման որոշում կայացնեին. Վ. Բալասանյան

Տարածել
Tags

Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին թուլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգերին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրը, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակների տոնին: Ճիշտ չեն արել, ըստ իս, պետք է հարգեին երկու նախագահների հայտարարությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ Արցախը ՀՀ ներքին գործերին է խառնվում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց, թե դա չի նշանակում, որ ներքին գործերին են խառնվում կամ սփյուռքահայության ներին գործերին են խառնվում։ «Մենք ժամանակին ասել ենք, որ ունենք հայկական երկու հանրապետություն՝ մեկ հայրենիք, դա մեր ամբողջական հայրենիքն է, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա:

Վիտալի Բալասանյանը նշեց, որ Մայիսյան եռատոնին Ռոբերտ Քոչարյանին մասնակցել թույլ տալով կարելի էր հենց այս օրը սկիզբ դնել հայերի միասնականությանը և շարունակել ձեռքբերումները:

Անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին և պատասխանելով հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանին մրցակից համարում է, Վիտալի Բալասանյանը նշեց, որ եթե օրենքի տառին և Սահմանադրությանը համահունչ է, եթե իրավունք ունի առաջադրվել, ապա որևէ խնդիր չի տեսնում: «Ես որևէ մեկին մրցակից չեմ համարում, երբ գրանցումը կլինի, այդ ժամանակ կխոսենք»,-ասաց նա և նշեց, որ իր միասնականության կոչը բոլորին է վերաբերում:

Հարցին, թե տոներին մասնակցելու պաշտոնական հրավեր Սամվել Բաբայանին ևս եղել է, Վիտալի Բալասանյանը նշեց, որ այնպես չէ, որ պետք է հրավիրեն: «Ամեն մի քաղաքացի, մարդ, հատկապես այն մարդիկ, ովքեր ժամանակին իրենց մեծ լուման են բերել, պարտավոր են մասնակցել այս Եռատոնին»,-ասաց նա:
Մեկնաբանություններ