...

Եթե Ադրբեջանն ուզում է Արցախում դատապարտված իր քաղաքացիներին վերադարձնել, պետք է սկսի բանակցել Արցախի հետ․ Լարիսա Ալավերդյանը՝ Լավրովի հայտարարության վերաբերյալ

Տարածել
Tags

«Ռուսաստանի արտգործնախարարը նման հայտարարություն անելիս պետք է տեղեկություններ ունենա, թե արդյոք, օրինակ, Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիները զինգերինե՞ր են, թե՞ պարզապես ծանր հանցագործություն գործածներ, որոնք արդեն Ադրբեջանում հերոսացվում են: Բացի այդ՝ պետք է հստակեցվի՝ իրականում ի՞նչ կարգավիճակ ունեն Ադրբեջանում դատապարտված ՀՀ քաղաքացիները, նրանք գերինե՞ր են»:

 Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանն, ըստ որի, Ռուսաստանը գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կողմնակից է, որը նպաստում է հակամարտության գոտիներում վստահության հաստատմանը:

«Լավ կլիներ, որ Ռուսաստանը նախևառաջ խոսեր իր քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի վերադարձի մասին, որն արդեն Ադրբեջանում դատապարտված է: Համաձայն բոլոր՝ թե՛ ԱՊՀ, թե՛ միջազգային նորմերի, Ռուսաստանը վաղուց պետք է հասներ նրան, որ իր քաղաքացին պատիժը կրեր Ռուսաստանում: Այնինչ դրա մասին, չգիտես ինչու, Ռուսաստանի արտգործնախարարը չի խոսում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր․ «Մենք միշտ և ամեն պարագայում նման իրավիճակների՝ աճյունների, ռազմական գերիների հարցում մարդասիրական սպառիչ լուծման կողմնակից ենք և առաջնորդվում ենք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Մենք կարծում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Մերձավոր Արևելքում, Լեռնային Ղարաբաղում, թե Ուկրաինայի հարավ-արևելքում»:

Նախարարը հավելել էր, որ հենց այդ սկզբունքն է ընկած Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնությունների հիմքում:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի մասով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վերաբերյալ ակնարկելիս Ռուսաստանը պետք է նկատի ունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիներ փոխանակելու հանգամանքը:

«Իսկ Հայաստանում Ադրբեջանի քաղաքացի գերիներ չկան: Ստացվում է, որ այդ դեպքում այս խոսակցությունը դառնում է առոչինչ: Դատապարտելի կլինի նաև, եթե մենք Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներին համարենք զինգերիներ:  Իսկ այդ դատապարտվածների փոխանակման մասին կարելի կլիներ խոսել, եթե չլիներ Ռամիլ Սաֆարովի հետ տեղի ունեցածը»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարը նաև պետք է հասկանա, որ Արցախին զրկելով բանակցություններից և խոսելով միայն երկկողմանի՝ Ադրբեջան-Հայաստան հանդիպումների մասին, զրկվում է նաև իրավունքից՝ խոսելու Արցախում եղած ադրբեջանցի դատապարտյալների մասին:

«Ես ցանկանում եմ, որ այդ վեհ գաղափարները՝ միջազգային հումանիտար, չդարձնեին էժանագին քաղաքական կոնյուկտուրայի հարց: Այստեղ խնդիր կա, և այդ խնդիրը դուրս է հումանիտար իրավունքից: Ադրբեջանը չունի օրինակ՝ Կարեն Ղազարյանին Հայաստան չվերադարձնելու ոչ մի պատճառ,  քանի որ նա դատապարտված է»,- ասաց նա:

Իսկ եթե, ըստ նրա, Ադրբեջանն ուզում է Արցախում դատապարտված իր քաղաքացիներին հետ վերադարձնել, ապա պետք է սկսի բանակցել Արցախի հետ: «Այս հարցով պետք է ոչ թե երկկողմ, այլ եռակողմ հանդիպումներ լինեն, և վերջապես այդ հանդիպումները վերածվեն բանակցությունների: Հումանիտար հարցերի դեպքում Ադրբեջանը կարող է բանակցություններ անցկացնել Արցախի հետ: Ի դեպ, եթե նրանք շատ վախենում են, որ դա կընդունվի որպես Արցախի ճանաչում, ապա պետք է ասել, որ միջազգային պրակտիկան կուտակել է շատ օրինակներ, երբ հայտարարվում է, որ նման հարցերով բանակցությունները որևէ առումով չի կարող նշանակել բանակցություն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Լավրովի նման հայտարարությունն արդյո՞ք չի կարող մեկնաբանվել նաև որպես նման նախաձեռնություն սկսելու ցանկություն, որը պետք է լինի այդ դեպքում հայկական կողմի արձագանքը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․

«Այդ դեպքում «գնդակը» Հայաստանի դաշտում է: Հայաստանն է, որ բոլոր վերջակետերը պետք է դնի բոլոր այս առաջարկների պարագայում և հստակ պատասխանի: Ռուսաստանը, ի վերջո, կարող է անել ցանկացած առաջարկություն: Լավ կլիներ, որ Ռուսաստանը տեղյակ լիներ, թե ովքեր ինչ պայմաններով որտեղ են հայտնվել: Եվ եթե անտեղյակության խնդիր չկա, ուրեմն Հայաստանը պետք է արժանապատվորեն հստակեցնի, որ Կարեն Ղազարյանին՝ դատապարտելուց հետո  Ադրբեջանում պահելը արդեն ինքնին խոսում է, որ այդ երկիրն ընդունակ չէ քայլերի, որոնք կբերեն վստահության մթնոլորտի ստեղծմանը»:

Մեկնաբանություններ