Հրապարակվեց: Чт, Июн 06, 2019
...

ԵՄ-ն չի կարող միայն պահանջել Հայաստանից, պետք է նաև տա. Ալեքսանդր Ռարը՝ Եվրոպան ավելի հասանելի դարձնելու վերաբերյալ Միքայել Մինասյանի թեզերի մասին

Տարածել
Tags

Համաձայն եմ, որ Հայաստանում մարդկանց համար Եվրոպան անհասանելի է թվում. այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ խոսելով Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ The Huffington Post–ում հրապարակված հեղինակային հոդվածի մասին: Նա նշել է, որ ԵՄ-ն թուլացել է, չի կարողանում օժանդակել երկրներին այնպես, ինչպես նախկինում, ուստի վերածվել է «լիբերալների ակումբի»: Եվրոպան առաջվա պես չի կարողանում ֆինանսապես օգնել աղքատ երկրներին: Ըստ Ռարի՝ Հայաստանը չի կարող տնտեսական օգնություն ստանալ ԵՄ-ից, կարող է ընդունել լիբերալ արժեքներն ու դառնալ ընտանիքի անդամ: Ալ. Ռարը նաև նշել է, որ իդեալական կլիներ, եթե Հյուսիսի ու Արևմուտքի միջև ջրբաժանները վերանային, բայց, ցավոք, դա այդպես չէ:

— Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել The Huffington Post պարբերականում, որտեղ խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ու ակնկալիքների մասին: Նա նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների օրակարգն ուղղակիորեն հատվում է մեր առաջնահերթությունների հետ: Խոսքը ժողովրդավարության, բարեկեցության ու անվտանգության մասին է:

— ԵՄ-ն չի կարող օգնել Հայաստանին անվտանգության հարցում, սա միանշանակ է: ԵՄ-ն չունի այդ ուժը: Եվրամիությունը հիմա անցնում է դժվարին ճանապարհ ու մտահոգված է իր հեռանկարներով: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Եվրոպան ոչինչ չկարողացավ անել, որովհետև չունի այդ կշիռը:

Տնտեսության տեսանկյունից ևս Եվրամիության օժանդակությունը սահմանափակ է: Երեսուն տարի առաջ, երբ քանդվեց Բեռլինի պատը, Եվրոպան սկսեց գրավիչ դառնալ իր տնտեսական պոտենցիալով: Արևմուտքը սկսեց մեծանալ՝ առաջարկելով եվրոպական ապագա այնպիսի երկրներին, ինչպիսին են Լեհաստանը, Բալթյան երկրները և այլն: Մեծ գումարներ ծախսվեցին այդ ծրագրի իրականացման համար, բայց բոլորը մնացին գոհ: Սակայն Եվրոպան այսօր առաջվանը չէ, այնքան հարուստ չէ, որքան՝ 30-40 տարի առաջ:

Եվրոպան չունի այդքան գումար, որ օգնի աղքատ երկրներին: Սա է պատճառը, որ Եվրոպան հիմա դնում է ոչ թե տնտեսական, այլ՝ գաղափարական հարցեր, ինչպիսին ազատությունն է, հավասարությունը և այլն: Նախկինում Լեհաստանը, Բալթյան երկրները ուզում էին տնտեսական առաջընթաց ու դրա համար եվրոպական ուղով գնացին, բայց հիմա դա անցյալում է. Հայաստանը չի կարող տնտեսական օգնություն ստանալ ԵՄ-ից, կարող է ընդունել լիբերալ արժեքները ու դառնալ ընտանիքի անդամ:

— Հոդվածում հեղինակը գրել էր, որ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Արևմուտքի և Հյուսիսի միջև գոյություն ունեցող պայմանական բաժանարար գծերը հնարավորինս շուտ վերանան կամ առնվազն` նվազագույնի հասնեն, որովհետև եվրոպական արժեհամակարգային շատ տարրեր Հայաստանում վերահաստատվել են հենց Հյուսիսի խողովակով: Ի՞նչը կարող է վերացնել այդ ջրբաժանը:

— Հայաստանը տնտեսական առումով շահավետ է համարել լինել Եվրասիական տնտեսական միության կազմում, սերտորեն համագործակցել է ԵԱՏՄ հետ: Արևմտյան շուկան հայկական ապրանքների համար հասանելի չէ, իսկ արևմտյան ներդրումները ՀՀ-ում շատ քիչ են: Եվրոպան այլևս ի վիճակի չէ առաջարկել օժանդակություն, ֆինանսական այնպիսի օգնություն, որը տրամադրում էր նախկինում: Ուստի Եվրոպան ներկայումս ավելի շատ «լիբերալ արժեքների» ակումբ է: Բնական է, որ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն վերանում այդ ջրբաժանները, այդ սահմանները: Իդեալական կլիներ, որ դրանք չլինեին, բայց, ցավոք, դա այդպես չէ:

— Հոդվածում նաև նշվում է, որ մարդկանց համար Եվրոպան անհասանելի է: Փաստորեն համաձա՞յն եք, որ առկա խնդիրները նման տպավորություն են ստեղծում:

— Այո՛, Եվրոպան թվում է՝ անհասանելի է, ես համաձայն եմ նրա հետ:

— Եթե դա անհանգստացնում է Արևմուտքին, ինչո՞ւ ԵՄ-ն չի փորձում հասանելի դառնալ:

— Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է լուծել վիզաների ազատականացման հարցը, որպեսզի մարդիկ կարողանան եվրոպական երկրներ այցելել առանց խնդիրների: Սա շատ կարևոր ազդակ կլինի հոգեբանական տեսանկյունից:

Ներկայումս վիզաների ազատականացումից օգտվում են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան ու Հայաստանն էլ կօգտվի, բայց մյուս երկրների պես հայաստանցիներն էլ կփորձեն գնալ Եվրոպա ու հետ չվերադառնալ: Շատերն անգամ պատրաստ են ամեն գնով մեկնել ԵՄ տարածքում գտնվող որևէ երկիր, այնտեղ հատակը մաքրել, միայն թե ապրեն Եվրոպայում, որովհետև չեն կարող Հայաստանում կամ մեկ այլ երկրում աշխատել այնքան, որքան Եվրոպայում:

Սա տոմս է դեպի Եվրոպա, բայց արդյոք Հայաստանը կկարողանա՞ հաստատել դեմոկրատական, լիբերալ արժեքները: Ամեն ինչ կախված կլինի դրանից: Ես համաձայն եմ, որ ԵՄ-ն չի կարող միայն պահանջել Հայաստանից, պետք է նաև տա, բայց Հայաստանը դրան պատրա՞ստ է:

— Նկատի ունեք, որ ԵՄ-ն առաջիկայում չի ընդլայնվի՞:

— Գուցե իմ կարծիքը փոքր-ինչ փիլիսոփայական է, բայց ես կարծում եմ, որ Եվրամիությունը հասել է «առավելագույնին», դժվար թե ընդլայնի իր սահմանները ավելին, քան՝ ներկայումս: Գուցե Բալթյան երկրներից դառնան անդամ, այն էլ դժվարությամբ, բայց չեմ կարծում, թե ԵՄ-ն առաջիկայում ավելի մեծանա: ԵՄ-ն հիվանդացել է, ունի բարեփոխումների կարիք, որպեսզի ուժեղանա, դառնա ունակ արդյունավետ գործելու: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի տնտեսական «Լիսաբոնից Վլադիվոստոկ» ծրագրին: Սա Եվրոպական միություն չէ, բայց սա եվրոպական ընդգրկուն տուն է ու կարող է ավելի հեռանկարային լինել:

Մեկնաբանություններ