Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

ԵՄ-ի հետ կստորագրվի ֆինանսավորման համաձայնագիր, որի շրջանակում դրամաշնորհ կտրամադրվի գյուղոլորտի զարգացմանն ուղղվող ծրագրերին

Տարածել
Tags

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային և միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի կարևորությունը, և շեշտել երկկողմ գործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը ընդհանուր գծերով անդրադարձ է կատարել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տեսլականին և առաջնահերթություններին։ Գեղամ Գևորգյանը, մասնավորապես, շեշտել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, որի նպատակակետը գիտելիքահեն, ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության զարգացումն է՝ տեղեկացնելով, որ ավարտին են մոտենում գյուղատնտեսության քաղաքականության հայեցակարգի մշակման աշխատանքները։ Այս համատեքստում նա կարևորել է կապիտալի սուբսիդավորումը, գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, ագրոմարքեթինգի ուժեղացումը, գյուղատնտեսական հողերի գոտիավորումն ու քարտեզագրումը՝ առավել արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով։

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև դոնոր-գործընկերների ներդրումն այդ ռազմավարության մշակման աշխատանքների հարցում՝ հավելելով, որ հաշվի է առնվել մասնավորապես Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) ծրագրի հիմնադրույթները։ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան շնորհավորել է Գեղամ Գևորգյանին՝ նշանակման առթիվ և իր հերթին ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համար գյուղատնտեսությունը հիմնական ուղղություններից է՝ կարևորելով համագործակցության ներկա մակարդակը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն ընդգծել են կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում սահմանված ռազմավարական առաջնահերթություններին համահունչ աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք ֆինանսավորման համաձայնագրին, որի շրջանակում դրամաշնորհ կտրամադրվի նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղվող ծրագրերին՝ մասնավորապես Հայաստանի հյուսիսային շրջանների՝ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի զարգացմանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդգծել է ֆինանսավորման ուղղություններն ու ծրագրերը հստակեցնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով ենթակառուցվածքների զարգացումը և միջին և մեծ ագրոբիզնեսներին աջակցությունը, որոնք լոկոմոտիվի դեր կկատարեն նաև փոքր տնտեսությունների առաջմղման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Մեկնաբանություններ