Հրապարակվեց: Чт, Май 02, 2019
...

ԵԱՏՄ-ն Հայաստանի համար չի լինելու անսահմանափակ անվճար օգնություն, իսկ Հայաստանի ամերիկամետ վարչապետը հասկանում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չի կարող. Մատվեյչև

Տարածել
Tags

Եթե որևէ մեկը հույս ունի, որ Հայաստանի օգտին լինելու է անվճար հրաշք, որ ԵԱՏՄ-ն լինելու է անսահմանափակ անվճար օգնություն, սխալվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, որը հնարավորություն է տալիս արտադրանքը տարածել ողջ միության տարածքով, ինչը Հայաստանը կարող է անել: Մատվեյչևը նշեց, որ եթե ՀՀ-ին ԵԱՏՄ-ն ձեռնտու չլիներ, ապա պաշտոնական Երևանը կարող էր դուրս գալ միությունից, բայց «նույնիսկ ՀՀ ամերիկամետ վարչապետը նման քայլի չի գնում»:

— Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունն, ըստ էության, կայացել է, բայց կան որոշակի խնդիրներ: Հայաստանում փորձագիտական որոշ շրջանակներ չեն համաձայնել այն մտքի հետ, որ ԵԱՏՄ-ն կայացած կառույց է՝ նշելով, որ առկա բազում խնդիրները չեն թողնում միությանը կայանալ: Համաձա՞յն եք:

— ԵԱՏՄ-ն մեծանում է, մենք տեսնում ենք, որ շատ երկրներ գոհ են, անդամակցում են ԵԱՏՄ-ին, տնտեսական նվաճումներ ունեն: Եթե միությունը չբավարարեր որևէ պետության, չլիներ շահավետ, անդամ–երկրները վաղուց դուրս կգային ԵԱՏՄ-ից: Հայաստանին էլ ոչինչ չի խանգարում դուրս գալ միությունից, բայց չնայած նրան, որ իշխանության ղեկին ամերիկամետ գործիչ է և նա հաճույքով դուրս կգար հնարավոր ամեն տեղից, չի գնում այդ քայլին, որովհետև տիրապետում է փաստերին, լավ հասկանում է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, դա առաջին հերթին կվնասի Հայաստանին:

Եթե որևէ մեկը հույս ունի, որ Հայաստանի օգտին լինելու է անվճար հրաշք, որ ԵԱՏՄ-ն լինելու է անսահմանափակ անվճար օգնություն, սխալվում է: Սա մաքսային միություն է, որը հնարավորություն է տալիս արտադրանքը տարածել ողջ միության տարածքով, ինչը Հայաստանը կարող է անել: Եթե Հայաստանին ձեռնտու չէր ԵԱՏՄ-ն, կրկնում եմ, կարող էր դուրս գալ:

— Ամերիկամետ ասելով նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի՞ն: ՀՀ վարչապետը Ձեր կարծիքով ամերիկամե՞տ է:

— Այո, նրան նկատի ունեմ: Ես մարդ եմ, ով լավ գիտի, թե ինչ մարդիկ են մասնակցել որոշումներին, երբ, ինչպես, գիտեմ, թե ինչպես են արվում գունավոր հեղափոխությունները: Ես անձամբ ծանոթ եմ բազմաթիվ քաղտեխնոլոգների հետ Ուկրաինայում, Հարավսլավիայում, Վրաստանում, ովքեր աշխատել են նաև Հայաստանում: Ես գիտեմ, թե ինչ գումարներ են ծախսվել, ինչ պրոյեկտներ են իրականացվել տարիների ընթացքում:

— Հեղափոխությունը ծրագրվա՞ծ էր:

— Միանշանակ: Այն գործի է դրվել նաև Իրանի համար, որը Հայաստանի միջոցով փորձում է լուծել իր հարցերը: Հայաստանը գործիք է ԱՄՆ–ի համար Իրանի հետ հարաբերություններում: Ամեն դեպքում, լինելով ամերիկամետ, Նիկոլ Փաշինյանն ապրում է իրականության մեջ, հասկանում է, որ չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, հակառակ դեպքում տնտեսական վիճակը կվատանա ու ժողովուրդն իրեն դեմ դուրս կգա, ինչպես Ուկրաինայում դուրս եկավ Պորոշենկոյի դեմ:

— Վերադառնանք ԵԱՏՄ-ին: Դուք ասացիք, որ Հայաստանին ոչինչ չի խանգարում դուրս գալ ԵԱՏՄ-ից: Կան կարծիքներ, որ Ռուսաստանն «ստիպել է» Հայաստանին դառնալ ԵԱՏՄ անդամ, իսկ Հայաստանը՝ որպես ՌԴ-ից կախված երկիր, չի կարողացել դրան դեմ գնալ: Ինչպիսի՞ն կլինի պաշտոնական Մոսկվայի պատասխանը, եթե ՀՀ-ն լքի ԵԱՏՄ-ն:

— Ոչ մի պատասխան չի լինի: Պատասխանը կլինի դուրս գալը: ԵԱՏՄ-ն Հայաստանին տալիս է հնարավորություն ստանալ գազ ներքին գներով: ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կվճարի ավելի թանկ, ապրանքները կթանկանան: Ուզո՞ւմ է Հայաստանը սա: ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը անդամ պետությունների տարածք արտահանումներ անելու համար կվճարի հավելյալ մաքսատուրքեր: Ուզո՞ւմ է Հայաստանը սա:

Ռուսաստանը որևէ պատասխան չի տա, դուրս գալն ինքնին կլինի պատասխան: Հաշվեք, ուսումնասիրեք, թե ինչքան արտահանումներ են արվում Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա, քանի միլիարդավոր դոլարների մասին է խոսքը, տեսեք, թե որտեղ են վաճառվում ձեր ապրանքներն ու հաշվեք, թե դուրս գալուց հետո որքան եք կորցնելու: Հռետորաբանությունը, թե սա վատ է և այլն, տեղին չէ, պետք է հաշվել, թե ինչ կորուստներ կլինեն գործարարության ու բյուջեի համար: Որևէ մեկին չեն պատժի, պարզապես վնասները մեծ կլինեն:

Մեկնաբանություններ