Հրապարակվեց: Чт, Июн 27, 2019
...

Դուշանբեի պայմանավորվածությունները պետք է դառնան Դուշանբե պլյուս, քանի որ լարվածությունը ցույց տվեց՝ կարող ենք սխալ ուղղությամբ գնալ․ ԱԳ նախարար

Տարածել
Tags

Այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ:

Նախարարի խոսքով՝ հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ մինչև հանդիպումը գրանցվել էր լարվածության որոշակի աճ, որը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ քննարկումների վրա:

«Մենք բավական մեծ տեղ հատկացրինք այդ իրողությանը և քննարկեցինք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են՝ իրավիճակը, լարվածությունը նվազեցնելու համար, որ խուսափենք լրացուցիչ զարգացումներից, որոնք էլ ավելի կլարեն իրավիճակը: Մեզ անհրաժեշտ է վերադառնալ իրավիճակի, որը մինչև լարումն էր և դա մեծ նշանակություն ունի: Մենք ունենք մի քանի նախաձեռնություններ, որոնք համանախագահների կողմից ևս առաջ են բերվել, և ես կարծում եմ, որ այդ առումով մենք կարող ենք հասնել իրավիճակի, որ մինչև հաջորդ հանդիպումը գրանցենք, որ մենք կարողանում ենք պահպանել խաղաղ գործընթացին նպաստող միջավայր»,-ասաց նախարարը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ չափազանց կարևոր և գերակա խնդիրներից մեկն է. «Այդ միջավայրն իր մեջ պարունակում է երկու կարևոր բաղադրիչ, որից մեկը վերաբերում է մարդկային շփումներին և այնպիսի միջավայրին, որտեղ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանա, այլ հակառակը: Մյուս բաղադրիչն այն է, որ մենք պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Սա նույնպես մի համակարգ է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ: Ունեինք իրավիճակ, որը պահպանվում է Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա և սա մնում է գերակա խնդիր մեզ համար: Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլուս, որովհետև իրադրությունը, լարվածությունը ցույց տվեց, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ»:

Նախարար Մնացականյանը շեշտում է, որ հայկական կողմը չի հավատում, որ կարելի է մեկ ձեռքով բանակցել, մյուսով կրակել. այդ մոտեցումը ապագա չի ունենա. «Մենք բազմիցս ասել ենք, որ բանակցության գործընթացքում սպառնալիքի լեզուն չի աշխատելու, չի լինելու իրավիճակ, երբ մենք բանակցենք սպառնալիքի լույսի ներքո: Չի կարող նման բան լինել: Մեր ինքնավստահությունը բավականին մեծ է և մենք այդ առումով սպառնալիքը ընդունողը չենք, մեզ մոտ սպառնալիքի լեզուն չի անցնում: Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացի ավելի բովանդակային հարցերին, ապա մեզ համար առաջնային խնդիրը վերաբերում է ստատուս քվոյին և ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրագործման գերակայությանը: Այդ առումով մենք նույնպես գնահատել ենք տարբեր մոտեցումներ և նախանշել ենք, որ մեզ անհրաժեշտ է նաև նախապատրաստվել այս գործընթացին»:

Մեկնաբանություններ