Հրապարակվեց: Ср, Ноя 21, 2018
...

«Դոլմաբահչե պալատը հայ Բալյաններն են կառուցել, ինչո՞ւ եք իրականությունը հերքում». Փայլանը՝ Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Տարածել

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ պատմական իրողությունները շարունակ թաքցնելու համար:

Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Փայլանն օրինակ է բերել Ստամբուլի Դոլմաբահչեի պալատը և հիշեցրել, որ այն կառուցվել է Բալյան նշանավոր ճարտարապետական տոհմի ներկայացուցիչներից Կարապետ Բալյանի կողմից, մինչդեռ Թուրքիայում դա շարունակ հերքում են:

«Երբ ավագ դպրոցում էի սովորում, մեզ տարան Դոլմաբահչե պալատ՝ էքսկուրսիայի: Զբոսավարն ասաց՝ «Սա իտալացի Բալյանիներն են կառուցել»: Ես էլ հավատացի: Գնացի, ուսումնասիրեցի ու իմացա, որ այդ պալատը հայ Բալյաններն են կառուցել: Դուք կարո՞ղ եք պատկերացնել: Իտալացի ճարրտարապետին հայ ճարտարապետից ավելի՞ եք նախընտրում: Ինչո՞ւ եք իրականությունը հերքում: Ստամբուլի բազմաթիվ անկյուններում Բալյանները թողել են իրենց հետքերը», — ասել է Փայլանը:

Նշենք, որ ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ:

Մեկնաբանություններ