Հրապարակվեց: Пт, Апр 05, 2019
...

Գուցե եղել է պայմանավորվածություն, որ Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին, բայց իրավաբանորեն մոդելի փոփոխություն չի եղել, որևէ փաստաթուղթ չկա. Հ. Իգիթյան

Տարածել
Tags

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բանակցություն չէր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, որ դա երկու երկրների ղեկավարների առաջին շփումն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Պատգամավորը շեշտեց՝ հանդիպումն ինքնին արդյունք էր:

«Մենք հանդիպումից արդյունք, բանակցային փուլում քայլ առաջ չէինք սպասում, որովհետև բանակցություններ տեղի չեն ունեցել: ՄԽ-ն փորձում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դադարեցված բանակցությունները վերականգնել: 2016-ին Ադրբեջանը մտածեց, որ հակամարտությունը բանակցությունների միջոցով չի լուծվում այնպես, ինչպես իրենք են ցանկանում ու դիմեց ռազմական ագրեսիայի: Մթնոլորտը ապրիլյան քառօրյայից հետո այնպիսին էր, որ նման գործընկերոջ հետ բանակցել չի կարելի, երբ մտածում են ռազմական ճանապարհի մասին: Մոտ 3 տարի է, ինչ սրա պատճառով, բանակցություններ չկան ու ՄԽ-ն ուզում է վերականգնել մթնոլորտը, որպեսզի կողմերը կարողանան բանակցել: Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը մթնոլորտ ձևավորելու քայլերից մեկն էր»,- մանրամասնեց Իգիթյանը:

Պատգամավորի խոսքով՝ վարչապետը ճիշտ է, երբ ասում է, որ նման հանդիպումները «հաղթողներ կամ պարտվողներ» փնտրելու համար չեն, դրանք հարթակ են՝ ապագա բանակցային փուլից առաջ տեսակետները ներկայացնելու համար:

«Բանակցություններում պետք է մեկը նստած լինի ու ներկայացնի Ղարաբաղը: Մենք կարծում ենք, որ դա Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն է: Եթե Ադրբեջանը չի ընդունում, որ Բակո Սահակյանը Արցախի նախագահն է, թող համարի նրան որպես ներկայացուցիչ այնտեղ ապրող ժողովրդի: Ինչպես էլ անվանենք Բակո Սահակյանին, նա պետք է ներկա լինի, որովհետև այնտեղ ապրող ժողովուրդը նրան համարում է իր ներկայացուցիչը»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը կարող է ներկայացնել իր տրամաբանությունը համապատասխան իրավական մոդել, որը կարող է ընդունելի չլինել, բայց գոնե տրամաբանական լինել, այնինչ Ալիևը միայն մեկ բան է ասում՝ Արցախը չի կարող լինել բանակցային սեղանի շուրջ. «Սա դեստրուկտիվ մոտեցում է: Ինչո՞ւ պետք է ներկա չլինի նա, ում խնդիրը մենք քննարկում ենք: ՄԽ-ն չի ստեղծվել Հայաստանի համար կամ Ադրբեջանի համար, ստեղծվել է ԼՂ հիմնահարցի լուծումը գտնելու համար»:

Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ անկախ նրանից, թե ՀՀ նախկին նախագահներից որևէ մեկը ինչքանով է իրեն համարել լիազորված՝ ներկայացնելու Ղարաբաղը, Զինադադարի մասին փաստաթուղթը ստորագրվել է Ղարաբաղի կողմից:

«Եթե որևէ մեկը համարում է, որ ձևաչափը պետք է փոխվի հակամարտող կողմերի համաձայնությամբ, ապա գոնե ես չեմ գտել որևէ փաստաթուղթ, ըստ որի ձևաչափը փոխվել է: Գուցե եղել է պայմանավորվածություն կամ որոշում, բայց ՄԽ շրջանակներում իրավաբանորեն մոդելի փոփոխություն չի եղել»,- շեշտեց Իգիթյանը:

Մեկնաբանություններ