Հրապարակվեց: Пт, Фев 01, 2019
...

Գերմանիան ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում չի դնում աշխարհաքաղաքական ընտրության խնդիր. Ն. Փաշինյան

Տարածել
Tags

Ժողովրդավարական համակարգը անշրջելի է Հայաստանի համար: Ուրախ ենք, որ Եվրամիությունը, այդ թվում` Գերմանիան, պատրաստական են աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:

Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո նրա հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերմանիան այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր: Սա նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրագործվել Եվրամիության ու հատկապես Գերմանիայի աջակցությամբ»,- նշեց Ն. Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանում գերմանական կապիտալի ներգրավման կարևոր ծրագրեր են իրականացվում, և հույս կա, որ գերմանական ներդրումները ՀՀ-ում կավելանան:

«Մենք խոսել ենք տարածաշրջանային իրավիճակի, միջազգային օրակարգի մասին: Ունենք փոխադարձ ըմբռնում: Տարածաշրջանում կայունության, խաղաղության հարցերը կարևոր են, դրանք պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք:

Խոսել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի մասին: Արձանագրվել է, որ գործընթացը չի կարող տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ: Ես բավարարված եմ մեր քննարկումներից, բանակցություններից: Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա զարգացման համար խոչընդոտներ չկան, կա հետաքրքրություն դրանց նոր թափ հաղորդելու համար»,- հավելեց վարչապետը:

Մեկնաբանություններ