Հրապարակվեց: Ср, Июл 24, 2019
...

Գերմանիայում մնալ ցանկացող ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել

Տարածել
Tags

Գերմանիայում մնալ ցանկացող ադրբեջանցիները բողոքի ցույցեր են անցկացրել, գրում է minval.az-ը՝ գերմանաբնակ լրագրող Մովսում Հաջիևին հղումով:

Մասնավորապես, Հաջիևն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութեր, որոնք արվել են Գերմանիան լքել չցանկացող Ադրբեջանի քաղաքացիների անցկացրած բողոքի ցույցի ժամանակ: Հաջիևը հայտնել է, որ հանրահավաք կամ բողոքի ակցիա անցկացնելը մարդու անքակտելի իրավունքն է։ Բայց միևնույն ժամանակ հայտնել է, որ ինքն անձամբ այդ հանրահավաքին չէր գնա։ Նա նաև մի քանի պատճառ է բերել՝ բացատրելու համար իր տեսակետը:

«Շատ բաների համար կարելի է մեղադրել Գերմանիայի իշխանություններին՝ այդ թվում ոստիկանությանը: Մասնավորապես Բավարիայի իշխանությանը, որն ավանդաբար աչքի է ընկնում իր ինքնագլուխ վարքով: Բայց ես ոչ մի անգամ չեմ լսել որևէ մարդու մերժման մասին, որը հիմքեր է ունեցել վախենալու իր կյանքի, ազատության համար՝ քաղաքական, ազգային, կրոնական համոզմունքներից ելնելով: Ուրեմն ինչի՞ դեմ պայքարենք, ի՞նչ պահանջենք: Որպեսզի Գերմանիայում բոլոր ադրբեջանցիներին կացության իրավո՞ւնք տրվի: Ինչպես նաև հայերին, ուկրաինացիներին, աֆրիկացիներին և վրացիների՞ն»,- գրել է լրագրողը:

Լրագրողի գրառման տակ մեկնաբանությունները միանշանակ չեն եղել։ Մի մասը Գրեմանիայի վարած քաղաքականությանը դեմ է արտահայտվել, իսկ օգտատերերից մեկը գրել է, որ Գերմանիայում իրավունքներ պահանջող մարդիկ լավ կանեին այդպիսի ցույցեր անցկացնեին իրենց հայրենիքում, այդ ժամանակ հարկ չէր լինի ոչ մի տեղ գնալ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ վերջին 10 օրերի ընթացքում երեք ադրբեջանցի ներգաղթյալ Գերմանիայում ինքնասպանության փորձ է կատարել՝ իշխանությունների կողմից նրանց արտաքսելու մասին որոշումների ընդունման հետ կապված: Նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել էր minval.az-ը՝ Գերմանիայում գործող Leqat ինտեգրման կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիևի տարածած հաղորդագրությանը հղումով:

Դուբլինյան համաձայնագրի պայմանների համաձայն՝ փախստականը պետք է, առաջին հերթին, ուղևորվի այն երկիր, որը նրան վիզա է տրամադրել, և այնտեղ ապաստան խնդրի:

Մեկնաբանություններ