Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

««Բրեքզիթ»-ին կարող է հաջորդել «Ռուքզիթ»-ը». ԵԽ գլխավոր քարտուղարը չի բացառել Ռուսաստանի անդամակցության դադարեցումը

Տարածել
Tags

Եվորպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը հայտնել է Ռուսաստանի Դաշնության՝ կազմակերպությունից դուրս գալու վտանգի մասին՝ այն «Բրեքզիթ»-ի օրինակով անվանելով «Ռուքզիթ», գրում է ria.ru-ն:

«Իրական վտանգ կա առ այն, որ Եվրոպան բախվելու է ոչ միայն «Բրեքզիթ»-ի, այլև «Ռուքզիթ»-ի խնդրի հետ»,-ասել է պաշտոնյան Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Թիմո Սոյնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է դուրս մնալ Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմինների անդամ պետությունների շարքից, եթե մինչև հաջորդ տարվա կեսերը չսկսի համապատասխան վճարումներ անել կառույցի բյուջե:

Յագլանդը  մանրամասնել էր, որ Ռուսաստանն իրեն թույլ է տալիս տևական ժամանակ անհրաժեշտ վճարումները չանել, ինչն էլ իր հերթին իրավունք է տալիս պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:

Յագլանդը հիշեցրել էր, որ 2019թ. հունիսին կլրանա Ռուսաստանի կողմից միջազգային կառույցի բյուջե արված վերջին վճարման պահից ի վեր երկամյա ժամկետը: Եվ եթե Մոսկվան նոր վճարում չանի, ապա կարող է դադարեցնել իր աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Ֆինլանդիայի արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանը՝ որպես կառույցի անդամ երկիր, պարտավոր է վճարումներ անել, հակառակ դեպքում՝ չի կարող օգտվել անդամակցության արտոնություններից:

Ռուսաստանի և ԵԽ-ի հարաբերությունները ներկայում բարդ փուլում են: Լարվածությունը սրվել է 2014-2015թթ., երբ ռուս խորհրդարանականներից մի քանիսը զրկվել են մի շարք իրավունքներից՝ Ղրիմի հարցում իրենց դիրքորոշման պատճառով:

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ նման պայմաններում աշխատելն անհնար է ու դադարել է մասնակցել նիստերին: Այնուհետև ԵԽ-ն ոչ միայն չի չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այլև նորերն է սահմանել:

2017թ. հունիսին Մոսկվայի ու Ստրասբուրգի միջև կոնֆլիկտն ավելի է թեժացել, Ռուսաստանը հայտարարել է, որ ԵԽ բյուջե գումար չի վճարի այնքան ժամանակ, քանի դեռ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության իրավունքները լիարժեք չեն վերականգնվել:

Մեկնաբանություններ