Հրապարակվեց: Ср, Ноя 07, 2018
...

Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը կուսակցական չի դառնալու, բայց ՔՊ-ի ցուցակով առաջադրվելու է Մալաթիա-Սեբաստիան ընդգրկող ընտրատարածքից

Տարածել
Tags

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էրիկ Գրիգորյանն ասաց, որ դեռ չի պատրաստվում կուսակցական դառնալ։

«Ես երբևէ կուսակցական գործունեության մեջ չեմ եղել, սակայն կյանքի տարբեր փուլերում տարբեր մարտահրավերներ, տարբեր մոտեցումներ են լինում, կքննարկենք հետագայում»,-շեշտեց նա։ Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ թիմային որոշումից է կախված՝ հետագայում կլինի գործադիրում, թե օրենսդիր մարմնում։

Անդրադառնալով ՀԷԿ-երի հետ կապված Նիկոլ Փաշինյանի մտահոգություններին, թե բնապահպանական աղետի առաջ ենք նաև կանգնել՝ հաշվի առնելով, որ ՀԷԿ-երի 85 տոկոսից ավելիի մոտ ջրաչափեր տեղադրված չեն եղել,՝ նա շեշտեց․ «ՀԷԿ-երը պարտավորություն ունեն, և այդ պահանջը՝ ջրաչափեր դնելու, նշված է եղել ջրօգտագործման թույլտվությունների մեջ, իսկ պահանջների խախտումը հանդիսանում է հիմք ջրօգտագործման թույլտվությունների դադարեցման, օրենսդրությամբ ժամկետ է տրվում՝ այդ պահանջը վերացնելու:

Մենք բոլոր ՀԷԿ-երին, 152 ՀԷԿ -ի մասով առնվազն տեղեկացրել ենք պահանջի խախտման մասին և առաջարկել ենք վերացնել»։ Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ որոշ ՀԷԿ-եր արդեն տեղադրել են, որոշները՝ դեռ ոչ, իրենք տեղեկատվությունը տրամադրում են տեսչական մարմնին։

Հարցին՝ իրավական հետևանքներ խախտումներն ունենալու են, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ իրենք ունեն ուսումնասիրության հնարավորություններ, վերահսկողական ֆունկցիաները բնապահպանական տեսչական մարմնինն են, բայց բոլոր դեպքերում, երբ տեսնում են ոչ իրավաչափ գործողություններ, ուղարկում են համապատասխան իրավական մարմիններին։

Մեկնաբանություններ