Հրապարակվեց: Ср, Окт 09, 2019
...

Բիզնես, քաղաքականություն և երեխաների մկրտություն Էջմիածնում. BBC-ի անդրադարձը Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին

Տարածել
Tags

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում է՝ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում: Քիմ Քարդաշյանը Հայաստանում խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդականների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր առանձնազրույցների, ինչպես նաև Հայաստանում կանանց ներքնազգեստի արտադրություն սկսելու պլանների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունն իր անդրադարձում:

Լրատվամիջոցը գրում է, որ Քիմի համար սա երկրորդ այցն է իր հոր պատմական հայրենիք:

BBC-ն իր հոդվածում անդրադարձ է կատարել Քիմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պատրաստակամության և «Սպիտակ տանն այդ թեմայով բանակցություններ» վարելու հայտարարությանը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Քիմը, մասնավորապես, նշել էր, որ թեև այդ թեմայի շուրջ անձամբ չի զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն առանձնազրույցներ է ունեցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ: Հուլիսին Քարդաշյանը հայտարարել էր, որ իր առաջնահերթությունն է համարում ցեղասպանության ճանաչումը, և որ այդ թեման քննարկում է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ թեև ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է օգտագործել այդ եզրույթը:

BBC-ն անդրադարձել է նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Քարդաշյանի երեք կրտսեր երեխաների մկրտությանը, որին մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:

Անդրադառնալով երեկ՝ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում դիմահարդարան մագնատի ելույթին՝ լրատվամիջոցը նշում է, որ Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել Հայաստանում սկսել SKIMS ներքնազգեստի իր շարքի արտադրությունը և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծել:

Մեկնաբանություններ