Հրապարակվեց: Вс, Апр 14, 2019
...

Բաքուն նորից փորձում է Մոսկվայի միջոցով «ջրել» Հայաստանի կողմից առաջարկվող օրակարգը. քաղաքագետ

Տարածել
Tags

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի  ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ Բաքուն կրկին դիմել է Մոսկվային, որ օգնի իրեն: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ապրիլի 15-ին սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը:

«Հիշում ենք, որ 2016 թվականից հետո, երբ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին սահմանին հետաքննության մեխանիզմներ ունենալու վերաբերյալ, Ադրբեջանը կրկին դիմել էր Ռուսաստանին, որ  սառեցնեն այդ պայմանավորվածությունները, և նրանք կարողացան դա անել»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանին հաջողվեց այն ժամանակ սառեցնել Վիեննայի օրակարգը և իր համար նպատսավոր իրավիճակում հայտնվել:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս, երբ խոսում էր արդեն մարտին Վիեննայի հանդիպման մասին, ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդունել է Հայաստանի առաջարկած օրակարգը, իսկ այդ օրակարգը Ադրբեջանի համար շատ անընդունելի է: Փաստորեն  պետք է պարզաբանվեն Մադրիդյան սկզբունքները, քննարկումներ պետք է լինեն Ղարաբաղի՝ բանակցություներին մասնակցելու վերաբերյալ: Ստեղծվել է մի իրավիճակ, որը բարդ է Ադրբեջանի համար, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ չի կարող չընդունել, որ որոշ հարցերի պատասխաններ պետք է տրվեն»,- ասաց քաղաքագետը:

Վատ իրավիճակում հայտնվելն է, որ ըստ Մանվել Սարգսյանի, Բաքվին դրդել է դիմել Մոսկվային: «Նորից Բաքուն փորձում է Մոսկվայի միջոցով «ջրել» Հայաստանի կողմից այսօր առաջարկվող օրակարգը»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ հիմա պարզապես Ռուսաստանը փորձում է ամեն կերպ ինչ-որ բան «պոկել» Հայաստանից և մատուցել Ադրբեջանին, ինչը մշտապես արվել է:

«Հայաստանը պետք է ստիպի, որ Մոսկվան  էլ ընդունի իր օրակարգը: Ռուսաստանի հետ պետք է խոսել շատ հանգիստ: Ռուսաստանը առաջին պետությունն էր՝ 1993 թվականին, որ ճանաչեց Ղարաբաղը որպես  բանակցությունների լիիրավ կողմ: Հենց  հիմա պետք է խնդիր դնել և Ռուսաստանին ասել, որ եթե Արցախին ընդունել են որպես կողմ, հիմա էլ ճանաչում են դա, կարող ենք բանակցել եռակողմ ձևաչափում»,- ասաց նա:

Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «սիրաշահելը»: Ըստ Մանվել Սարգսյանի՝ պատճառն այն է, որ վերջինս վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար:

«Ադրբեջանը Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք ունի, իսկ դա Ռուսաստանի համար վտանգ է: Նա տարիներ շարունակ փորձում է Ադրբեջանին մեկուսացնել Թուրքիայից, ինչը դեռևս չի ստացվում: Ստացվում է, որ նա այդ պատճառով իր համար մանր-մունր, բայց Ադրբեջանի համար շատ կարևոր հարցերում պահում է Բաքվի հետ մերձեցումը Հայաստանի շահերի հաշվին»,- ասաց նա:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումների մասին՝ Մանվել Սարգսյանը նկատեց, որ նրանք պարզապես ցանկանում են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, քանի որ դրան են սովորել:

«Այն «լավաշ» հայտարարությամբ  ցանկանում էին այնպես անել, որ հանկարծ որևէ բան չփոխվի:  Հիմա Հայաստանը  հարցադրումներ է մտցնում բանակցային գործընթացում, որոնց պատասխանները իրենք չունեն:  Իրենք չեն կարող պատասխանել, թե ինչու չեն ցանկանում ընդունել Արցախին, ինչու չեն բացատրություններ տալիս Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:  Պատճառն այն է, որ նրանք են խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը,  նրանք ոչ մի իրավունք չունեին Արցախը բանակցություններից հանելու: Այդ մանդատը ձևավորվել է 1994 թվականին, երբ եռակողմ հրադադարի պայմանագիր է ստորագրվել: Բուդապեշտի գագաթնաժողովում հստակեցվել է, որ այդ փաստաթուղթն է լինելու իրավական հիմքը հետագա բանակցությունների համար»,- ասաց նա:

Ապրիլի 15-ին սպասվող հանդիպմանն էլ, Մանվել Սարգսյանի կանխատեսմամբ, պետք է քննարկվի Հայաստանի առաջարկած օրակարգը, բայց հնարավոր է՝ Ռուսաստանը փորձի միջամտել:

«Ռուսաստանի հետ էլ պետք է աշխատենք, բացատրենք, որ իրենք արդեն Արցախը ճանաչել են որպես հակամարտության կողմ: Ադրբեջանի հետ հանդիպմանը պետք է պնդել մեր առաջարկ-օրակարգը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում: Հանդիպմանը, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ներկա է լինելու նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մեկնաբանություններ