Հրապարակվեց: Вт, Май 14, 2019
...

Բաշար Ասադը Արամ Ա-ի հետ հանդիպմանը երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ եւ վերակառուցել իրենց տները

Տարածել
Tags

Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսի նախագահական նստավայրում այսօր՝ մայիսի 14-ին, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառի պատվիրակության կազմում եղել են Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեյիսյանը, Կենտրոնական ազգային վարչության անդամ Հրաչ Հակոբյանը, Բերիո թեմի ազգային պատգամավորական ժողովի անդամ Կարո Յուզբաշյանը, վեհափառի գավազանակիր հոգեշնորհ տեր Հովակիմ աբեղա Բանջարջյանը:

Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայի ներկա կացության, հայ համայնքին առնչվող հարցեր ու ծրագրեր:

Վերափառը շնորհակալություն է հայտնել Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցու վերանորոգման համար նախագահականի կողմից հատկացված գումարի համար, ապա, հիշեցրել է Ցեղասպանությունից հետո սիրիացի ժողովրդի ջերմ հյուրընկալության մասին՝ հաստատել է՝ հայ համայնքը կառչած է Սիրիային եւ հենց այս վճռականությունից մղված է սկսել վերականգնման աշխատանքները:

Վեհափառ Հայրապետը նաեւ հիշեցրել է, որ Սիրիայի հայ համայնքը թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար կարեւոր է քաղաքական ու մշակութային եւ պահանջատիրական իմաստով:Նա գնահատանքի խոսք է հայտնել Սիրիայի պետությանը՝ Հայ Դատի նկատմամբ ցուցաբերած ամբողջական զորակցության համար:

Նախագահն իր հերթին, ողջունելով Նորին Սրբության այցը, բարձ է գնահատել սիրիահայությանը՝ նշելով, որ նրանք համահավասար քաղաքացիներ են եւ նույն պարտավորություններով ու իրավունքներով են կապված Սիրիայի հետ:

Նա նշել է, որ հայերը միշտ եղել են վստահելի, սիրելի եւ աշխատասեր քաղաքացիներ, որոնք իրենց դրական մասնակցությունն են բերել Սիրիայի առաջխաղացման հարցում:

Նա պայմանների բերումով երկրից հեռացած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ եւ վերականգնել իրենց տներն ու գործատեղիները երկրում՝ վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը շարունակելու է վայելել պետության զորակցությունը:

Մեկնաբանություններ