Հրապարակվեց: Вт, Июн 11, 2019
...

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից

Տարածել
Tags

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Աղաբեկյանը ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնում էր նշանակվել 2017 թվականի հոկտեմբերի 17-ին:

Արթուր Աղաբեկյանը 1986-ին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ:1982-1986 թթ. ուսման հետ զուգընթաց, աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական մեքենաների ամբիոնում՝ որպես լաբորանտ:1986-1988 թթ. եղել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գիտական աշխատող:1988-1991 թթ. աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Հադրութի մասնաճյուղում՝ որպես արտադրամասի պետ:

Արդեն 1988-1994 թվականներին Ա.Աղաբեկյանը գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին: 1991–ին եղել է Հադրութի շրջանի կամավորական ջոկատների համակարգող, պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը: 1992-ի մարտին նշանակվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի խորհրդական:

Աղաբեկյանը 1992-1996 թթ. եղել է ԼՂՀ ՊԲ առաջին պաշտպանական շրջանի հրամանատար, իսկ 1996-1997 թթ. եղել է ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 1997-1999 թթ. եղել է ՀՀ զինված ուժերի հարավ-արևելյան բրիգադի հրամանատար: 1999-ի հուլիսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նա նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար:

1999-ի օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ, իսկ 2000-2007 թթ.  փետրվարը, ՀՀ նախագահի հրամանագրով, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

2000-ին Արթուր Աղաբեկյանին շնորհվել է գեներալ-մայորի, 2003թ.՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2007-ին մայիսին համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ցանկով ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, նույն տարվա հունիսից մինչև 2009 թ. մայիսը՝ որպես նախագահ, գլխավորել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը:

2012-ին սեպտեմբերից մինչև 2017 թ. մարտն Ա.Աղաբեկյանը զբաղեցրել է ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը:

Մեկնաբանություններ