Հրապարակվեց: Ср, Июн 05, 2019
...

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

Տարածել
Tags

Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը, տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Այս ձևաչափը վերջին մի քանի տարիների ընթացքում Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրված յուրօրինակ հարթակ է Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:

Լեհաստանի Սեյմի և Սենատի ղեկավարներ Մարեկ Կուխչինսկու և Ստանիսլավ Կարչևսկու համատեղ հրավերով գագաթնաժողովին էին հրավիրված տարածաշրջանի խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ և հեղինակավոր գիտնականներ՝ քննարկելու համընդհանուր պատմության հարցերն ու ժամանակակից մարտահրավերները:

Խոսելով Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ընդհանրական պատմության դեպքերի, համընդհանուր մարտահրավերների և մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման օրինակի մասին, իր ելույթում Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերներին.

«Ժամանակն է նայել և տեսնել իրական պատկերը, ժամանակն է դադարեցնել իրեն չարդարացրած, անարդյունավետ գործելակերպը, և մեր թանկ ժամանակն ու ջանքերը նոր հակամարտություններ, նոր արգելապատնեշներ և բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն, իրապես պահն է, հարգելի’ գործընկերներ, համախմբվելու և ուղղելու բոլորիս ջանքերը մեր համընդհանուր մարտահրավերները դիմակայելուն՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու ապահովելով խաղաղությունը, խթանելով կրթությունն ու բարելավելով մարդկանց կենսապայմանները»:

Գագաթնաժողովի խոսնակներն անդրադարձել են նաև գլոբալացման, ազգային ինքնության և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ապագայի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին:

Մեկնաբանություններ