Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում տրվեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկը

Տարածել
Tags

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվեց Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում հավաքով և ելույթներով:

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի խոսքով՝ առաջին հավաքի տեղը պատահական չէ:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի հերթական անգամ մեր պետականության հիմնադիրներին նորից ասենք՝ մեր մեծեր, ձեր գործն շարունակվում է: Շարունակվում է գաղափարական, ծրագրային…»,- նշեց նա:

Մեկնարկային ելույթին հետևեց ՀՀ օրհներգի և ՀՅԴ նախընտրական երգի կենդանի կատարումը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն գնում է «Հավատարիմ հային ու հողին» կարգախոսով:

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ն այսօր գտնվում է անցումային շրջանում, և այս ընթացքում առաջացել են շատ լուրջ մարտահրավերներ և վտանգներ:

«Դաշնակցությունը գալիս է այս ընտրություններին մասնակցելու, որպեսզի այդ վտանգների և մարտահրավերների մասին խոսելով՝ դրանց չեզոքացման ճանապարհներն ու լուծումներն առաջարկի: Ամենակարևոր վտանգը, որը տեսնում ենք, այն է, որ նորը հանկարծ չդառնա լավ մոռացված հին կամ նախկինների նոր փաթեթավորումը լինի: Մենք տեսել ենք, որ բոլոր իշխանություններն ունեցել են միշտ գայթակղություն՝ գալով իշխանության առաջին հերթին զբաղվել այդ իշխանության ամրապնդմամբ: Եվ դա կատարել են նույն ձեռագրով: Արդյունքում մենք հին քաղաքական ու տնտեսական մենաշնորհները փոխարինել ենք նորերով:
Այսօր դժբախտաբար, դրա նշանները կան»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Առաջին նշանը, ըստ ՀՅԴ ցուցակի առաջին համարի՝ չի ամրապնդվում խորհրդարանական համակարգը, որն ավելի ու ավելի հավասարակշռված կդարձնի իշխանական վարչակազմի գործունեությունը:

«100 տոկոսով խոստումները կատարված են, բայց մենք ունենք մի կարևոր չլուծված հարց: Մենք մինչև հիմա սուպերվարչապետական համակարգից չենք հրաժարվել: Մենք չունենք նաև երաշխիք, որ եթե փորձեն ամրապնդել իշխանությունը, դա չբերի նրան, որ մենք սուպերվարչապետականը փոխարինենք սուպերնախագահականով»,- նկատեց Ա. Ռուստամյանը:

Մյուս վտանգը, որը ՀՅԴ-ն տեսնում է ներկայիս իշխանությունների գործելաոճով, հետևյալն է՝ նույն օլիգարխները դարձել են սեփականատերեր:

«Նույն դեմքերը պահպանվել են, բայց պարզվում է, որ օլիգարխներ չկան: Պարզվում է, որ նրանք այլևս կայացած ձեռներեցներ են, մեծահարուստներ են: Թերևս դա նրանից է, որ այսօր նրանք դարձել են յուրային»,- նշեց նա:

Իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ-ում այլևս մենաշնորհներ չկան, բայց Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ տնտեսական դաշտում պահպանվել են բոլոր նույն սուբյեկտներն իրենց գերակա դիրքերով:

«Դաշնակցության անելիքը, պարտականությունն այն է, որ մենք նույն սխալները չկրկնենք, մենք չպետք է մեր ժողովրդին նույն  փորձություններին տանենք: Սա է, որ մեզ ստիպում է այսօր գալ և այս ընտրություններին մասնակցել»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը:

Մեկնաբանություններ