Հրապարակվեց: Вт, Фев 12, 2019
...

«Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը

Տարածել
Tags

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. այս տարի էլ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Այս մասին հայտնում են կազմակերպության հանրային կապերի բաժնից:

Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական պատկեր: Այն կդառնա արժեքավոր գործիք՝ ներկայացնելով հայկական գրավոր ժառանգության աշխարհագրությունը, պատմությունն ու զարգացումը Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է,- ասել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը,- այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային մշակույթի գանձարանում»:
Ընդամենը մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ և տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը: Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները և դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը:
Առանձին պատուհաններով կտրամադրվի նաև ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի և մանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ և այլն:
«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ  հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այս ձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի և Արևմտյան աշխարհի պատմություն: «Ավրորան» կարևորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը ևս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:
Այսպիսով, «Ավրորան» չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: 2015 թվականի դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն ստացավ ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչև հիմա թվայնացվել են ավելի քանի 4560 ձեռագիր և հազվագյուտ արխիվային փաստաթուղթ:
2016-ին տրամադրված դրամաշնորհով Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Այցելելով տարբեր թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ նրանք ծանոթացան թանգարանային կառավարման նոր մոտեցումներին և յուրացրին հմտություններ, որոնք անհրաժեշտ են օտար լեզվով աշխատող զբոսավարներին:
2017-ի դրամաշնորհով Մատենադարանը կազմակերպել է 50-ից ավելի դասախոսություններ՝ հումանիտար և բանասիրական ուղղվածության, ինչպես նաև Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող թեմաներով՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, օտարալեզու գրավոր աղբյուրների ուսումնասիրություն, հայ թարգմանական ժառանգություն, ինչպես նաև ձեռագրերի (մանրանկարների), հնատիպ գրքերի, արխիվային նյութերի, վավերագրերի վերականգնում և պահպանում: Պատրաստվում է նաև գրքույկ Մատենադարանում աշխատող էքսկուրսավարների և գիտաշխատողների համար:
Մեկնաբանություններ