Հրապարակվեց: Вс, Фев 03, 2019
...

Աուդիտորական ընկերությունները պնդում են՝ ֆինանսների փոխնախարարը լիցենզիաները չի երկարաձգում՝ իր և նախարարի ընկերությունների շահերից ելնելով, ինչի համար կդիմեն դատարան

Տարածել
Tags

143 որակավորված աուդիտորների հետագա գործունեությունը հարցականի տակ է: Փետրվարի 1-ին նրանց որակավորման վկայականների ժամկետը լրացել է, իսկ Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է դրանք երկարաձգել:

Ընկերությունները սպասում էին դեռևս 2013 թ.-ից մշակվող «Աուդիտորական գործունեության մասին» նոր օրենքի ընդունմանը, որով աուդիտորական որակավորման վկայականները տրամադրվելու էին անժամկետ: Կառավարության կողմից նախորդ տարվա սեպտեմբերին հավանության արժանանալուց հետո նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, սակայն մինչ օրս չի հաստատվել:

«Աուդիտորական գործունեության մասին» գործող օրենքով աուդիտորները գործունեության յուրաքանչյուր 5-րդ տարում պետք է վերաորակավորվեն՝ քննություններ հանձնեն:

N-Audit ընկերությունն աուդիտորական շուկայում գործունեություն է իրականացնում 1995 թ.-ից, իսկ Audit Star ընկերությունը՝ 1997 թ.-ից, և այդ տարիների ընթացքում 4-5 անգամ քննություններ են հանձնել:

«2013 թ.-ից սկսած Ֆինանսների նախարարությունը որոշեց իր քննությունները դադարեցնել և քննությունների անցկացումը վերապահել մասնագիտացված կառույցին, տվյալ դեպքում՝ Աուդիտորների և հաշվապահների ասոցիացիային: Ասոցիացիայի քննությունները մեկ անգամ հանձնում են, և անժամկետ է տրվում վկայականը, իսկ մեզ 4-5 անգամ հանձնելու պարագայում անժամկետ չի տրամադրվել, օրինակ՝ ինչպես փաստաբաններին կամ նույն այդ ասոցիացիայի կողմից տրամադրված վկայականներին: Մենք դա առաջին հերթին դիտարկում ենք որպես խտրական վերաբերմունք մեր նկատմամբ»,- ասաց Audit Star ընկերության տնօրեն Արմեն Մելքոնյանը:

2013 թ.-ին մոտ 1.5 տարով և 2016 թ.-ի մարտին ևս 3 տարով կառավարության որոշումներով երկարաձգվեցին արդեն քննություններ հանձնած աուդիտորների վկայականները մինչև 2019 թ.-ի փետրվարի 1-ը:

Երկարաձգման նպատակն օրենքի նոր նախագծի ընդունումն էր, որը պետք է կարգավորեր խնդիրը. օրենքի փոփոխությամբ այլևս չէին լինելու երկու տեսակի՝ անժամկետ և ժամկետային վկայականներ, բոլորը դառնալու էին անժամկետ:

«Նախատեսվում էր, որ հոկտեմբերին ԱԺ-ն պետք է ընդուներ օրենքը, որով մեր վկայականներն արդեն կդառնային անժամկետ, բայց լուծարվող ԱԺ-ում չհետևեցին, և տեղափոխվեց 7-րդ գումարման Ազգային ժողով: Նոր որակավորման վկայականի համար 7 քննություն պետք է տաս, լավագույն դեպքում քննությունները նշանակվում են 6 ամիսը մեկ: Ճիշտ է, որպես գործող աուդիտորներ մեզ 4 քննությունից ազատում են, բայց նորից առնվազն 1.5 պետք է, որպեսզի կարողանանք վերաորակավորվել: Իսկ 2013 թ.-ից սկսած մեզ տրված ժամկետը նրա համար չէ, որ մենք գնայինք, ասոցիացիայում քննություն տայինք: Կարո՞ղ է՝ ամբողջ կյանքում քննություն պետք է տանք»,- նշեց N-Audit ընկերության տնօրեն Վարդան Նիկողոսյանը:

Աուդիտորական կազմակերպությունները նախապես՝ 2018 թ.-ի նոյեմբերի 11-ին, նամակ էին ուղարկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ խնդրելով երկարաձգել աուդիտորական վկայականների ժամկետը ևս 5 տարով կամ մինչև օրենքի ընդունման պահը: Օրենքի ընդունման պահին աուդիտորական վկայականները պետք է գործող լինեն, որպեսզի առանց քննության դառնան անժամկետ, իսկ 143 ընկերությունների վկայականների ժամկետն արդեն ավարտվել է: Փետրվարի վերջին լիցենզիայի ժամկետը լրացած աուդիտորական կազմակերպությունների թիվը ևս 10-ով կավելանա:

«Ֆինանսների նախարարությունը 1.5 ամիս ձգձգելուց հետո է մեզ պատասխանում: Նույն փոխնախարար Արման Պողոսյանը, որը մտածում է, որ ժողովուրդը սուբսիդավորում է հանցագործներին, հիմա էլ նպատակահարմար չի գտնում, որ մեր վկայականները երկարացվեն: Պատճառ չկա, ասում է՝ ժամկետ ունեիք, կարող էիք գնալ, քննություն տալ: Դու ինչպե՞ս ես 150 աուդիտորի ճակատագիր որոշում, երբ դու այդ աուդիտորական ընկերությունների ստեղծմանը մասնակցություն չես ունեցել:

Այդ ժամկետը տրվել է՝ իմանալով, որ աուդիտորական գործունեության մասին նոր օրենքի նախագիծ կա, որով մեր վկայականները դառնալու են անժամկետ, և մենք սպասում էինք, որ ԱԺ-ն այդ օրենքի նախագիծն ընդունի: Եթե նախորդ տարի ԱԺ-ն չի ընդունել, մենք մեղավոր չենք, բարի՛ եղեք երկարաձգել այնքան ժամանակ, մինչև ԱԺ-ն ընդունի օրենքը: Մենք չէինք ասում՝ մեզ ժամկետ տրամադրեք, որ գնանք, քննություն հանձնենք կամ ինչի՞ հանձնենք, երբ 4-5 անգամ արդեն հանձնել ենք: Իսկ նոր աուդիտորական գործունեությամբ զբաղվողներն այսօր ասոցիացիայում մեկ անգամ հանձնում են, և դա անժամկետ է»,- ասաց Վարդան Նիկողոսյանը:

Ֆինանսների փոխնախարարի պատասխանից հետո դեկտեմբերի 28-ին աուդիտորական ընկերությունները նամակ էին գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ նման կտրուկ, անհավասար և ոչ իրավաչափ գործողություններ չկատարվեն: Վարչապետի օգնականը նորից նամակն ուղարկել էր Ֆինանսների նախարարություն, և գերատեսչությունից նույնաբովանդակ պատասխան էր եկել: Հունվարի 29-ին վարչապետին ևս նամակ է ուղարկվել՝ արդեն վարչական բողոք տեսքով:

«Բոլորն ասում են, որ սա միտումնավոր է, սա արվում է Ֆինանսների նախարարության ղեկավարի, փոխնախարարի համար, որովհետև իրենք ունեն իրենց աուդիտորական կազմակերպությունները և ուզում են այսքան աուդիտորի դաշտից դուրս հանել: Այս դժբախտություններն սկսվեցին Տիգրան Սարգսյանի ժամանակ: Ամբողջ աուդիտորական դաշտը գիտի, որ այս կամ այն աուդիտորական ընկերությունը պատկանում է Տիգրան Սարգսյանին: Եվ այդ ոչ բարի ավանդույթը շարունակվեց արդեն նախարարների, փոխնախարարների մակարդակով: Ամեն մեկը ստեղծեց իր աուդիտորական ընկերությունը, և հիմա էլ ունեն: Հիմա այդ հին աուդիտորներին, որոնք իրենց խանգարում են, մեր հաճախորդները մեզանից չեն հրաժարվում, ուզում են փաստացի խլել: Հին կադրերը, որ մնացել են, վարչապետը երևի չի հասկանում, որ դրանք սաբոտաժի են ենթարկում կառավարությանը՝ այսպիսի որոշումներ կայացնելով»,- նշեց Արմեն Մելքոնյանը:

Աուդիտորական կազմակերպությունները պատրաստվում են վարչական դատարան դիմել՝ գործողության կատարման կամ պարտավորեցման հայցադիմումով. «Մենք անհավասար մրցակցության մեջ ենք: Պահանջելու ենք, որ առաջին հերթին մեր վկայականները կասեցումը վերացնեն՝ մինչև նոր օրենքի ընդունումը»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Մեկնաբանություններ