Հրապարակվեց: Вт, Мар 05, 2019
...

Աշխարհասփյուռ ասորիները կոչ են արել Մակրոնին հիշատակել նաև իրենց դեմ իրագործված ցեղասպանությունը

Տարածել
Tags

Աշխարհի տարբեր երկրներում գործող ասորական 46 համայնքային միություն համատեղ նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով դատապարտել Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանությունն ու դրա համար նույնպես հիշատակի օր սահմանել երկրում, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Ասորիների՝ 1915 թվականին տեղի ունեցած և «Սեյֆո» անունով հայտնի զանգվածային կոտորածների մասին նամակում աշխարհասփյուռ ասորական համայնքների ներկայացուցիչները շեշտել են, որ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանության է ենթարկել երկրի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդներին:

«Ֆրանսիայի հարգելի նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրագործել է քրիստոնյաների, այսինքն՝ հայերի, ասորիների ու հույների դեմ: Տեղի է ունեցել մեծ ողբերգություն, Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդների դեմ կոտորածներ, բռնագաղթ, դաժանություններ են իրագործվել: Բացի այդ, պատմական հարստություն հանդիսացող մշակութային, հասարակական ու կրոնական ժառանգությունն ավերվել ու ոչնչացվել է», — նշված է նամակում:

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ ասորիների ցեղասպանությունը շուրջ 500 000 մարդու կյանք է խլել, իսկ նրանց եկեղեցիները, վանքերն ու հայրենի գյուղերը զանգվածային ավերման են ենթարկվել:

«Սպանվել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ, կանայք և երեխաները բռնի կերպով իսլամացվել են», — նշված է Մակրոնին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», — նշել է Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

Մեկնաբանություններ