Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

Անդրկովկաս Բոլթոնի այցն ուղղված էր Իրանի դեմ. ռուս ռազմական փորձագետ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անդրկովկասյան երկրներ կապված է իրանական խնդրի հետ, սակայն Երեւանն ու Բաքուն ղարաբաղյան գործոնի եւ բարդ ներքաղաքական իրավիճակի առկայության պատճառով շահագրգռված չեն Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացմամբ:

NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:
Փորձագետի խոսքով՝ Իրանը հազիվ թե ուրախ լիներ Բոլթոնի տարածաշրջանային այցի համար, քանի որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, փորձում էր հող պատրաստել Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման համար: «Այդուհանդերձ, տարածաշրջանի առանց այն էլ բարդ իրավիճակի ապակայունացումը ոչ մեկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Իրանին, ո՛չ Ռուսաստանին»,- նշեց Խրամչիխինը՝ շեշտելով, որ եթե Բաքվում եւ Երեւանում թույլ տան իրենց որպես խաղաքար օգտագործել Թեհրանի դեմ խաղում, ապա վերջինը կարող է դրան շատ կոշտ արձագանքել:
Խրամչիխինը, միաժամանակ, նշեց, թե Կրեմլը հազիվ թե Թեհրանի հետ իր հարաբերությունները փչացնի հանուն Ադրբեջանի եւ Հայաստանի, հատկապես եթե նրանք իրենք ամեն ինչի մեղավորը լինեն: «Ռուսաստանը հազիվ թե նրանց համար բարեխոսի, հատկապես եթե նրանք այս հարցում ամերիկացիներին աջակցեն: Ավելի շուտ՝ նույնիսկ հակառակը: Ուրախ կլինի, եթե Իրանը պատժի տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության կողմնակիցներին ու տարածողներին, քանի որ դա կդառնա հերթական ակնհայտ ցուցադրությունը, որ ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն սեփական շահերը եւ ամենեւին մտադիր չէ որեւէ մեկի համար պատերազմել»,- եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անցյալ շաբաթ այցելել էր Անդրկովկասյան երկրներ:
Մեկնաբանություններ