Հրապարակվեց: Вс, Авг 14, 2016
...

Անդրանիկ Միհրանյանը Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին. ինչու արտերկրի մեր քաղաքագետները չեն տիրապետում թեմային

Տարածել
Tags

 

mihranyan-thumb_-300x204Ամառային օրերը փուլ եկան այսօրվա հայաստանյան լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների գլխին, երբ հանկարծ պարզեցին, որ ԼՂ հիմնախնդրի բանակցությունների ընթացքում քննարկվում է տարածքների վերադարձի հարցը։ Tert.am-ի հետ զրույցում ասաց  ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:
«Իսկ ինչի՞ մասին պետք է լինեին այդ բանակցությունները: Ես կարծում էի, որ Հայաստանում նույնիսկ երեխայի համար հասկանալի էր, որ տարածքները պետք է փոխանակվեն Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղի անկախ կարգավիճակի ընդունման հետ, որի երաշխավորը պետք է լինի միջազգային համայնքը՝ միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այլն»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով. «Չեմ հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ հիմա բոլորի մոտ զարմանք կա, որ այդ տարածքների մի մասը պետք է վերադարձվի»:
Ըստ նրա՝ ոչ մեկի մտքով չպետք է անցնի, որ հայկական կողմը կունենա և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ յոթ շրջանները, որոնց հետ կապված, ըստ քաղաքագետի, կան տարբեր ձևակերպումներ՝ «ազատագրված», «գրավված» տարածքներ: «Այդ տարածքները չեն կարող մնալ Ղարաբաղի կազմում. դա չի ընդունի ոչ միայն Ադրբեջանը, այլ՝ ոչ մեկ»,- նշեց Անդրանիկ Միհրանյանը:
Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի ցանկությունն է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունն ու ինքնուրույնությունը․ «Ես առաջիններից մեկը կլինեի, որ կասեր՝ եկեք թքենք բոլորի՝ Բաքվի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, ՄԱԿ-ի վրա,  ու հողերը մեզ պահենք: Այդ դեպքում ես կարող էի նաև այլ հարց տալ, բայց ինչո՞ւ այդ տարածքները միայն. եկեք Բաքուն գրավենք, Գանձակը և մյուս տարածքները։ Իմիջիայլոց՝ կա ավելի հետաքրքիր տարածք՝ Արևմտյան Հայաստանը: Ինձ թվում է՝ դա էլ պետք է գրավվի: Բայց քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը՝ հավելելով, որ պետք է քննարկում լինի, որպեսզի հասկացվեն այդպիսի կնճռոտ հարցերը և որպեսզի հասկանալի լինի, թե որն է այս իրավիճակում հաղթանակը:
Հարցին, թե, հատկապես իր կարծիքով, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Ոչ մի հայ ղեկավար՝ հատկապես Սերժ Սարգսյանը, ով առաջին օրվանից պայքարի մեջ է եղել Արցախի անկախության համար, հենց այնպես ոչ մի թիզ հող չի վերադարձնի, եթե չլինեն երաշխիքներ և՛ Լեռնային Ղարաբաղի անկախության, և՛ անվտանգության պահպանման մասով»:
Դիտարկմանը, թե հայ հասարակությունը՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, չի ցանկանում ոչ մի թիզ հող զիջել Ադրբեջանին՝ պատճառաբանելով, որ այդպես պատերազմի հավանականությունն ավելի կմեծանա, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց․ «Իհարկե, կա այդ մտահոգությունը, դա կա և՛ հայ հասարակության շրջանում, և՛ Հայաստանի նախագահի, և՛ արտաքին գործերի նախարարի մոտ, ովքեր անմիջականորեն վարում են այդ բանակցությունները: Եթե խոսում ենք այն դիրքերից, որ պատերազմն անխուսափելի է, այդ դեպքում ընդհանրապես իմաստ չունի և՛ հիմա, և՛ հետո բանակցություն վարելու, պայմանագիր կնքելու»:
Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում կա քաղաքական գործիչների մի հատված, որոնք ցանկանում են իրենց գործողություններով Հայաստանը մեկուսացնել, ինչի դեպքում նոր սանկցիաներ կկիրառվեն, իսկ դրանից հետո հնարավորություն չի լինի այն քանակությամբ զինամթերք գնել, որ այսօր հնարավոր է ձեռք բերել ու դրանով պահպանել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Հայաստանը բլոկադայի ենթարկելով, ըստ Անդրանիկ Միհրանյանի, կկտրվենք միջազգային հանրությունից:
«Միջազգային հանրությունն այսօր Արցախը համարում է Ադրբեջանի անքակտելի մաս, միջազգային այն համայնքը, որը ճանաչել է Սովետական Ադրբեջանի սահմանները: Այս պարագայում նույնիսկ Ղարաբաղին տրվող «միջանկյալ կարգավիճակը» կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ, որը դուրս կբերի այդ տարածքն Ադրբեջանից՝ միջազգային իրավունքի կտրվածքով»,- նշեց Անդրանիկ Միհրանյանը:
Ըստ նրա՝ բանակցային գործընթացում հիմնախնդրի «փաթեթային լուծումը» ոչ ոք մի կողմ չի դրել, հիմա էլ դա է սեղանին դրված. «Կարծում եմ, որ եթե Ադրբեջանն այդպիսի մեծ ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա, որ նրանք էլ իրենց հերթին ճնշում գործադրեն Հայաստանի և Արցախի վրա, որ 5 շրջանները վերադարձվեն, ապա պետք է ունենա համապատասխան փոխհատուցում: Իսկ փոխհատուցումը գոնե ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի ընդունումն է Ադրբեջանի կողմից: Դա կլինի առաջին դեպքը, երբ Ադրբեջանը կհամաձայնի, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ, այն ունի միջանկյալ կարգավիճակ, և այդ կարգավիճակը պետք է ճանաչվի բոլոր համանախագահների և միջազգային համայնքի կողմից»,- ասաց Միհրանյանն՝ ընդգծելով, որ վերջում պետք է որոշվի Արցախի վերջնական կարգավիճակը։
«Այնպես էլ չէ, որ տանք տարածքները՝ հետո մտածենք վերջնական կարգավիճակի մասին․ միջանկյալ կարգավիճակից վերջնական կարգավիճակի անցման բոլոր քայլերը պետք է պայմանագրում ամրագրված լինեն, մինչև մի կտոր հող հանձնելը: Պետք է հասկանալ, որ Արցախին միջանկյալ կարգավիճակ տալու դեպքում, եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, կնշանակի, որ խախտում է իր պայմանավորվածությունները, և միջազգային հանրությունը ստիպված կլինի պատժիչ գործողությունների դիմել Ադրբեջանին սաստելու համար»,- եզրափակեց իր խոսքն Անդրանիկ Միհրանյանը:

ԴԻՏԱԿԵՏ:  Բարև, Անդրանիկ Մովսեսովիչ: Հայաստանում շատերն են ապշել Ձեր անկեղծ համոզմունքով արված հայտարարություններին ծանոթանալով: Ես չեմ զարմացել: 1988-ից ի վեր շատ առիթներ եմ ունեցել արտերկրում ապրող մտավորականների հետ մտքեր փոխանակելու արցախյան հարցի շուրջը և գրեթե միշտ ինձ ցավ է պատճառել խնդրի մասին այն անտեղյակությունը, որի դիրքերից արտերկրի մեր երևելիները ղարաբաղյան թեմայի շրջանակներում ըստ իրենց «խորիմաստ մտքեր են  փոխանցում» մեծ քաղաքականությունից հեռու, ծայրագավառային մտածողություն ունեցող հայաստանյան իրենց հայրենակիցներին: Չգիտեմ երբվանից եք հերթի կանգնած այդ «առաքելության» համար: Հիմա հերթը հասել է Ձեզ, և Դուք ասում եք բաներ, որ ըստ Ձեզ Հայաստանում պետք է հայտնի լինի նաև երեխաներին: Երեխաներ ասելով Դուք, հուսով եմ, նկատի չունեք հենց երեխաներին: Բայց այդպիսի հարցում նույնիսկ բոլոր մեծերին չի կարելի դիմել: Մասնագետներին պիտի լսել: Իսկ նրանց մեծ մասին հայտնի է այն ճշմարտությունը, որ ճանաչումը քաղաքական ակտ է: Դուք էլ երևի դա գիտեք: Նույնիսկ համոզված եմ, որ տեղյակ եք այն մասին, որ Ինդոնեզիայի կողմից մերօրյա Ադրբեջանը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում ճանաչելը չի նշանակում, որ Ինդոնեզիան չեղարկում է Կարսի բազմակողմ պայմանագիրը, որի հետ ինքը ոչ մի կապ չունի և որի կողմերից մեկը՝  Խորհրդային Ադրբեջանը, որի հովանավորությանը տրվել է Նախիջևանը, մեռել է (սա մի քիչ իրավաբանական տերմին չէ, բայց բոլորի համար հասկանալի է)առանց ժառանգորդի, քանի որ մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը հրաժարվել է նրանից և իրեն հայտարարել մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որը ճանաչված կամ փաստացի հաստատված սահմաններ չի ունեցել: Ես Ձեզ եմ թողնում իրավական այն հետևությունների արտածումը, որոնք բխում են վերը ասվածից և որոնք վերաբերվում են մերօրյա Ադրբեջանական Հանրապետության սահմանների ճանաչման մասին Ձեր դիտողություններին: Տրամադրեք այդ փաստերը Ձեզ համար վստահելի իրավաբանների: Տեսեք, թե նրանք ինչ կասեն մերօրյա Ադրբեջանական Հանրապետության սահմանների լեգիտիմության մասին:

Բայց Դուք Նախիջևանի մասին չէ, որ տեսակետ եք հայտնել: Դուք խոսում եք «Լեռնային Ղարաբաղի շուրջ» այն տարածքների մասին, որոնք չգիտեք՝ մենք ազատագրել ենք, թե գրավել: Դուք ասում եք՝ «Միջազգային հանրությունն այսօր Արցախը համարում է Ադրբեջանի անքակտելի մաս, միջազգային այն համայնքը, որը ճանաչել է Սովետական Ադրբեջանի սահմանները: Այս պարագայում նույնիսկ Ղարաբաղին տրվող «միջանկյալ կարգավիճակը» կլինի փայլուն, ֆանտաստիկ հաղթանակ, որը դուրս կբերի այդ տարածքն Ադրբեջանից՝ միջազգային իրավունքի կտրվածքով»: Պարզվում է, որ Դուք միջազգային իրավունքի տեղը գիտեք: Բայց առաջարկում եք տարածքները հանձնելուց հետո այն կիրառել: Հարց է ծագում՝ ինչու վերջում դիմել միջազգային իրավունքին, երբ կարելի է հենց հիմա դա անել:  Դրա համար պետք է Լեռնային Ղարաբաղին վերաբերվող իրավական փաստաթղթերի փաթեթ հավաքել: Դժվար գործ չէ: Բոլորին, և ռուս փորձագետներին առաջին հերթին, քաջ հայտնի է, որ 1921 թ. հունիսին Խորհրդային Հայաստանի մաս հռչակված Լեռնային Ղարաբաղը նույն թվականի հուլիսին Կովբյուրոյի որոշմամբ մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմ: Լեռնային Ղարաբաղը փաստորոն բռնակցվել է: Հայ և ոչ միայն հայ իրավաբաններից շատերը այն տեսակետին են, որ Կովբյուրոյի որոշումը չի կարելի համարել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ ոչ միայն այն պատճառով, որ երրորդ երկրի կուսակցական մարմին Կովբյուրոն  նման հարցեր լուծելու իրավասություն չի ունեցել, այլ նաև այն պատճառով, որ այդ որոշումը ուղղակի չի ընդունվել, քանի որ ոչ քննարկվել է, ոչ էլ քվեարկվել: Ես  հարցին այլ մի տեսակետից եմ մոտենում: Ասենք,թե դա իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է: Եվ քանի որ այլ ելակետային փաստաթուղթ չկա, պետք է պարզել, թե ինչ է այնտեղ գրված: Իսկ այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Լեռնայիրն Ղարաբաղին է տրվում լայն մարզային ինքնավարություն: Ողջ լեռնային Ղարաբաղին, այլ ոչ թե նրա մի մասին: Ի դեպ, այդ հանգանաքը արտացոլվել է ինքնավար մարզի ռուսական անվանման մեջ: Այն մինչև 1936 թ. կոչվել է АОНК (Автноманя област Нагорного Карабаха): Երկու տարի ինքնավարության հարցը  ձգձգելուց հետո Բաքուն հատուկ դեկրետով  ի խախտումն Կովբյուրոյի որոշման Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է այդ երկրամասի մեկ քառորդի վրա: Մարզի սահմանները որոշել է Բաքուն՝ կամայականորեն, խախտելով Կովբյուրոյի առանց այն էլ ապօրինի որոշումը: Բոլոր այն տարածքները, որոնք այսօր գտնվում են ԼՂՀ սահմաններում հենց ըստ Կովբյուրոյի որոշման (իսկ այլ փաստաթուղթ չկա)պետք է մաս կազմեին ինքնավար մարզի:

Բայց հարցը միայն դա չէ: Մինսկի խմբի փաստաթղթերում շրջանառվում է կեղծ մի գաղափար, որը կարող է բացահայտել, ինչպես Դուք եք ասում, ամեն մի երեխա: Մեզ ասում են՝ պետք է ազատեք Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները: Նույնացնում են աշխարհագրական Լեռնային Ղարաբաղ (որը պետք է ներառվեր ինքնավար մարզի ասհմաններում) ևվարչաքաղաքական իմաստ ունեցող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ հասկացությունները,այն դեպքում, երբ դրանք տարբեր բաներ են: Ինչու՞ : Պարզեք ինքներդ: Եթե դժվարանաք, տվեք մասնագետների: Վերջում դիմեք մեզ, մենք կբացատրենք:  Սակայն  կարելի է Ձեզ տեղյակ պահել մի փոքրիկ  փաստի մասին, որ մեր դպրոցականները գիտեն: Մենք դուրս չենք եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից, որպեսզի նրա շուրջը տարածքներ գրավենք: Հակառակը Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ու հյուսիսային շրջանները զավթված են հենց Ադրբեջանի կողմից, որը 1991-ին, երբ հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, մոռացել է սահմաններ հռչակել: Թող մոռանա: Իսկ մենք ազատել ենք այն տարածքները, որոնք Կովբյուրոյի որոշմամբ պիռի հայկական մարզի մաս կազմեին: Մի զգալի մասն էլ դեռ դրսում է: Զավթված է:

Իհարկե, հետխորհրդային Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ ստիպված են եղել հաշտվել Արևմուտքի թելադրանքով բանակցային գործընթացում հայտնված «Լեռնային Ղարաբաղի շուրջ» բանաձևման հետ: Նրանք կարող էին և չիմանալ այն փաստարկների մասին, որորոնց մասին խասվեց վերը: Այդ փաստարկները պետք է հնչեցնեին հայ մասնագետները, հայ իրավաբանները, հայ քաղաքագետները: Եվ առաջին հերթին Դուք, որ ամենից մեծ հնարավորություններն ուներ հակամարտության խեղված կերպարը շտկելու գործում: Բանից պարզվում է, որ ուրիշ գործով եք զբաղված: Ես վստահ եմ, որ Դուք հայրենասեր մարդ եք: Բայց նաև վստահ եմ, որ Դուք չեք տիրապետում նյութին, այլապես այդ մտքին չէիք լինի: Ձեր ելույթի կապակցությամբ Ձեզ հղված այս մեկնաբանության  մեջ մենք չէին կարող անդրադառնալ բոլոր այն փաստերին, որ հայ քաղաքագետները, հատկապես արտերկրում ապրողները, պետք է արմատավորեին  հանրային գիտակցության մեջ՝ հակամարտության կերպարը ճշմարտությանը մոտեցնելու համար: Եթե ինչ-որ դժվարությունների հադիպեք մտեք versia.am և ditaket,info կայքերը: Այնտեղ շատ բան կա ասված այդ մասին: Իսկ եթե հարցեր ծագեն, դիմեք մեզ: Մենք սիրով Ձեզ անհրաժեշտ նյութեր կտրամադրենք:

Հարգանքներով ՝պրոֆ. Ալեքսանդր Մանասյան, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար

Մեկնաբանություններ