Հրապարակվեց: Ср, Июн 19, 2019
...

Այս տարվա 6 ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է հավելյալ 154 մլն դոլար, այսինքն՝ այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր․ վարչապետը՝ տուրիզմի մասին

Տարածել
Tags

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե 2019 թ-ին ինչ միջոցներ են ձեռնարկել զբոսաշրջությունը զարգացնելու համար, հատկապես, որ կառավարությունը զբոսաշրջությունը զարգացման գերակա ուղղություն է հայտարարել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-ին զբոսաշրջությունը 17 տոկոսով աճել է, իսկ այս տարի արդեն 5, 35 տոկոսով է աճել, թեպետ դեռ սեզոնի պիկը չէ:

«Հիմքեր կան ենթադրելու, որ ընթացիկ շրջանում մեծ ծավալներ կունենա զբոսաշրջությունը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ԱԺ դահլիճից ԿԲ նախագահը հայտարարել է, որ այս տարվա վեց ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է հավելյալ 131 մլն դոլար։ «Մինչև ԿԲ նախագահը հասել է բանկ, դոլարի թիվը հասել է 154 մլն, սա նշանակում է, այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր և սա աննախադեպ ցուցանիշ է»,-ասաց նա։

Ըստ վարչապետի՝ զբոսաշրջության զարգացման առաջին նախապայմանը երկրի պոզիտիվ իմիջն է և ըստ նրա՝ այս կառավարությունը շատ բան արել է այդ ուղղությամբ։ Բացի այդ, ըստ նրա, կարևոր է ենթակառուցվածքները՝ ճանապարհներ և այլն։ «Հիմա զբոսաշրջիկի կոմֆորտն ապահովելու համար ծրագրեր են իրականացվում: Նաև վարկային ծրագիր կա Զբոսաշրջության կոմիտեի համար, որը ենթակառուցվածքների զարգացմանն է վերաբերում»։

Իսկ արդյո՞ք այս ոլորտով զբաղվողներին հարկային դաշտի թեթևացում կտրվեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այսօր Երևանի ռեստորանները լեփ-լեցուն են, և նախատեսված էր, որ շատ ավելի բարձր լինի հարկը, մինչդեռ որոշվեց, որ հարկերը պահեն այն մակարդակի վրա, ինչ հիմա կա։ «Դա էլ արտոնություն է, և այդ ոլորտում խնդիր չկա։ Հարկային օրենսգիրք ենք ընդունում և թեթևացում է նախատեսվում, դա նպաստելու է ոլորտի զարգացմանը»,-ասաց նա։

Մեկնաբանություններ