Հրապարակվեց: Чт, Сен 26, 2019
...

Այսօր միակ անկախ դատական համակարգը մնացել է ՍԴ-ն, եթե դա էլ կորցնենք, ամբողջությամբ կորցնում ենք դատական համակարգը. Արծվիկ Մինասյան

Տարածել
Tags

Հակակոռուպցիոն մարմնին վերաբերող փոփոխությունը ցույց է տալիս, որ ներկա իշխանություններն ավելի դիկտատոր են, քան նախորդները, որոնց ներկայացված է մեղադրանք: Այս մասին «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Այն օրենքը, որը ընդունվել էր, և որը պետք է գործադրվեր սահմանադրական ու օրենսդրական խախտումներով, այդպես էլ անգործունակ մնաց և վերափոխվեց ներկա իշխանությունների քմահաճույքին համապատասխան, ակնհայտորեն ցույց է տալիս մեկ բան՝ իշխող քաղաքական ուժն ուզում է ամեն գնով իր ձեռքում պահել հակակոռուպցիոն մարմինը: Ակնհայտ է, որ իրենք ուզում են ձևավորել հակակոռուպցիոն մարմին իրենց համար: Կոռուպցիան այնտեղ է, որտեղ կա իշխանություն: Պարզ է, որ այս մարմինը ծառայելու է հենց իշխանության համար, ոչ թե ընդդեմ իշխանության»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ քաղաքական վրեժխնդրությունը փորձ է արվում իրավական փաթեթավորմամբ ներկայացնել: «Անձնական վրեժխնդրությունը փորձ է արվում ներկայացնել իրավական՝ այս կամ այն իրավունքի նորմը մեկնաբանելով: Իրականում այս ամենի նպատակը մեկն է՝ ամբողջական, տոտալ իշխանության նվաճում: Իրենք են տոտալիտար դառնում աստիճանաբար: Իրենք այդ ճանապարհին գիտակցում են, որ չի կարելի այնպիսի ձևակերպումներ տալ, որ հետո իրենց մեղադրանք ներկայացվի: Չնայած իրենց մեղքը հիմա այնքան է շատացել, որ համոզված եմ՝ իշխանափոխությանն առաջին իսկ հնարավորության դեպքում զանգվածային քրեական գործեր են հարուցվելու՝ սկսած ամենապարզ հոդվածներից, մինչև սահմանադրական կարգի տապալում»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ այսօր միակ անկախ դատական համակարգը, ցավոք սրտի, սահմանադրականն է մնացել: «Եթե սա էլ կորցրեցինք, մենք ամբողջությամբ կորցնում ենք դատական համակարգը, որովհետև ԲԴԽ-ն գլխատվեց և դարձավ այսօրվա իշխանությանը սպասարկողը: Մենք այսօր ունենք շատ քիչ դատավորներ, որոնք իրենց պարտականությունը կատարում են Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները գիտակցելով: Այսօր ՍԴ-ին աջակցությունը չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ցույց տալ, որ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ իրական անկախությունը այ հենց հիմա է, երբ ՍԴ-ն իշխանության քիմքին ոչ համապատասխան որոշում է կայացնում»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացին՝ Մինասյանը կոչ արեց, որ իրավաբանական հանրույթը միավորվի այս հարցի շուրջ՝ հստակ ցույց տալու համար, որ այն հիմքը, որը ներկայացված է, բացարձակ կապ չունի ԱԺ-ի իրական լիազորությունների հետ: Նա նշեց, որ հենց դրանով էլ կկարողանան օգուտ տալ պետությանն ու պետականությանը:

«Ի դեպ, Վահե Գրիգորյանն առաջին անձն է, և ԱԺ-ն առաջին խոշոր մարմինն է, վարչապետն էլ հետը, որ հեղինակազրկում են ՍԴ-ն, այլ ոչ թե ՍԴ-ի ներկա անդամները կամ դատավորները»,- նշեց նա և հավելեց. «Խոսքն այսօր արատավոր ընթացքը կասեցնելու մասին է: Դրա համար կա թե քաղաքական պարարտ հող, թե կան անմիջական ժողովրդավարության ուղիղ գործիքներ. դուրս գալ և ստորագրահավաքի միջոցով պարտադրել հանրաքվեի կոնկրետ գործողություններ՝ դադարեցնել բարեփոխման անվան տակ պետաքանդման աշխատանքը»:

Մեկնաբանություններ