Հրապարակվեց: Пт, Фев 01, 2019
...

Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելով` վտանգ կա, որ այն կքաղաքականացվի. Արթուր Վանեցյան

Տարածել
Tags

Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելով` վտանգ կա, որ այն կքաղաքականացվի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով կառավարության կազմի փոփոխություններին, որով քննարկվում է ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու և դրանով Ազգային ժողովին հաշվետվու դարձնելու հարցը:

«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման, և եթե կորոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը: Բայց, ամեն դեպքում, նախարարը քաղաքական պաշտոն է, և եթե Ազգային անվտանգության ծառայության նախարարը լինի քաղաքական գործիչ ու զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է, ուզի թե չուզի, առաջ տանել իր քաղաքական ուժը, քաղաքականացվելու է», — ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե այսինքն՝  բանակը քաղաքակա՞ն է, ԱԱԾ տնօրենը նկատեց, որ բանակը նախարար ունի, բայց ունի նաև գլխավոր շտաբի պետ, որը որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Ինչ վերաբերում է հաշվետվողականությանը, նա ասաց, որ կարծում է՝ իր նշանակվելուց հետո չի եղել դեպք, երբ հարցադրումները անպատասխան մնան: «Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է:

Անդրադառնալով «Երևան հիմնադրամի»-ի գործին՝ նա ասաց, որ հիմնավորվել է, որ գումարի մի մասը վատնվել է, մի մասը՝ ոչ, արդյունավետ նպատակային է ծախսվել: «Հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է»,-ասաց նա:

Անդրադառնալով Բագրատաշենի անցակետի հետ կապված իրենց հայտարարությանը՝  ԱԱԾ տնօրենն ասաց, որ որոշ շրջանակներ սկսել են շահարկել, թե ԱԱԾ-ն խառնվում է այնպիսի գործերի, որոնք չեն մտնում իր իրավասությունների մեջ:

«Բայց ես հավաստիացնում եմ, որ սահմանին վերահսկողական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ այնտեղ ազատ տարածք լինի: Մենք իրավասություն ունենք վարչական պատասխանատվության ենթարկել սահմանային գոտում իրավախախտումներ թույլ տված անձանց, բայց այդ գործառույթից չենք օգտվում և կոչով դիմել ենք քաղաքացիներին:

Այսօր ինձ զեկուցեցին, որ սահմանակետի կողքին ազատ տարածք կա, ՊԵԿ-ի հետ պետք է քննարկումներ իրականացնենք, փորձենք հորդորել, որ սահմանում մնացած մեքենաները տեղափոխեն այդ տարածք, մինչև համապատասխան որոշումը կընդունվի աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ»,-ասաց նա:

Մեկնաբանություններ