Հրապարակվեց: Вт, Июн 25, 2019
...

Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Մամեդյարովի հայտարարություններին

Տարածել
Tags

Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:
«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:
Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-ըստ ԱԳՆ-ի՝ հայտարարել է Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ Մամեդյարովը Բաքվում երեկ կայացած ասուլիսում նշել է, որ ղարաբաղյան համակարտության լուծումը պետք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին, հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:
«Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,-ասել է Մամեդյարովը:
Մեկնաբանություններ