Հրապարակվեց: Пн, Июн 10, 2019
...

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները տապալելու համար

Տարածել

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «հայկական կողմի դիվերսիայի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան առնչությամբ, գրում է Minval գործակալությունը:

Հաղորդման մեջ ասվում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները և «նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»:

«Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի և այդ երկրի կառավարության վրա է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման էր ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջինները բարձր որակով էին կատարել վերադասի հրամանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանություններ