Հրապարակվեց: Пн, Апр 15, 2019
...

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ բացահայտ միասեռականն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Տարածել
Tags

Ամերիկյան Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիջիչը պաշտոնապես հայտարարել է 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին բացահայտ միասեռական նախագահի թեկնածուն:

«Անունս Փիթ Բութիջիչ է, ինձ ասում են քաղաքապետ Փիթ: Ես Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի հպարտ զավակն եմ, որը պայքարում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-հարազատ քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարել է քաղաքական գործիչը:

Ինչպես հաղորդում է tert.am-ը հղում կատարելով Daily Mail-ին, թեկնածուն արդեն հասցրել է քննադատել գործող նախագահ Դոնալդ Թրամփին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ապագայի վերաբերյալ նրա տեսլականը:

«Ես առաջադրվել եմ, որպեսզի «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»-ից (Թրամփի 2016 թ. նախագահական քարոզարշավի կարգախոսը-tert.am) տարբերվող այլ պատմություն պատմեմ»,-ասել է թեկնածուն՝ ընդգծելով, որ իշխանություններն այսպիսի կարգախոսներով խաբում են արդյունաբերական և փոքր քաղաքների բնակիչներին:

Բութիջիչը քննադատել է ամերիկյան իշխանությունների վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ «այն սարսափելի շոուն», որ այժմ տեղի է ունենում Վաշինգտոնում:

Երեսունյոթամյա թեկնածուն ընդունել է, որ ԱՄՆ-ն կառավարելու համար ինքը փոքր-ինչ երիտասարդ է, սակայն շտապել է հավելել, որ փոփոխության ժամանակը եկել է:

Բութիջիչը խոստացել է ընտրվելու դեպքում ամերիկացիներին թույլ տալ ապրել իրենց նախընտրած կյանքով՝ պահպանելով ամենամեծ արժեքը՝ ազատությունը:

Իր խոսքում թեկնածուն շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ Չեսթեն Բութիջիչին՝ անվանելով նրան «կյանքի մեծագույն սերը»:

Բացի այդ, քաղաքապետն անդրադարձել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման դեմ արտահայտվողներին՝ ասելով. «Եթե դուք խնդիր եք տեսնում նրանում, թե ով եմ ես, ապա ձեր խնդիրն ինձ հետ չէ, այլ ինձ արարողի հետ»,-ասել է Բութիջիչը, որն իր կողմնորոշման մասին հայտնել էր 2015թ.:

Պարբերականը հավելում է, որ թեկնածուն Հարվարդի համալսարանի շրջանավարտ է և տիրապետում է յոթ օտար լեզվի:

Մեկնաբանություններ