Հրապարակվեց: Ср, Июл 31, 2019
...

ԱՄՆ-ն օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս կգա Ռուսաստանի հետ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից

Տարածել
Tags

Միացյալ Նահանգներն օգոստոսի 2-ին պաշտոնապես կլքի Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը, գրում է tass.ru-ն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին պայմանագիրը խախտելու համար: «Միացյալ Նահանգները չափազանց երկար ժամանակ պահպանել է պայմանագրի կետերը, մինչդեռ Ռուսաստանը շարունակել է իր սպառազինությունն արդիականացնելու նպատակով բալիստիկ և հիպերձայնային համակարգեր ստեղծել՝ խախտելով պայմանագիրը»,- հայտարարել է Բոլթոնը:

Նա նաև նշել է, որ պայմանագիրը «կապել է ԱՄՆ-ի ձեռքերը», իսկ այդ ընթացքում Չինաստանը միջին հեռավորության սեփական զինամթերք է ստեղծել, քանի որ սահմանափակված չի եղել որևէ պայմանագրով:

«Մենք որոշեցինք արձակել մեր ձեռքերը, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով պաշտպանել Ամերիկան 21-րդ դարում»,- ընդգծել է խորհրդականը:

Ռուսաստանի հետ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը սկսվել էր փետրվարի 2-ին: Ամերիկյան կողմը, մեղադրելով ռուսական կողմին պայմանագիրը խախտելու համար, հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը երկամսյա ժամկետում չվերադառնա պայմանագրի լիարժեք իրականացմանը, պայմանագիրը կչեղարկվի:

Ի պատասխան՝ Մոսկվան հայտարարել էր, թե այս պայմանագրի չեղարկումը կնշանակի, որ աշխարհում սկսվում է սպառազինության նոր մրցավազք, ինչպես Սառը պատերազմի տարիներին, և այդ մրցավազքը վերահսկող կամ կանխող միջազգային իրավական դաշտ չի լինի:

Մեկնաբանություններ