Հրապարակվեց: Сб, Окт 27, 2018
...

«ԱՄՆ-ն պատերազմ է պատրաստում, իսկ Ռուսաստանը պատրաստվում է դրան». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Տարածել
Tags

ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ պաշտպանական պատերազմի: Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, գրում է lenta.ru-ն:

«Վերջերս նիստի ժամանակ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի: Այո՛, Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի, ես դա հաստատում եմ»,- ասել է նա՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը դեմ է քվեարկել Մոսկվայի առաջարկած բանաձևի դիտարկմանը: Մոսկվան բանաձև էր ներկայացրել հաջակցություն ԱՄՆ-ի հետ կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի, որից ԱՄՆ նախագահը հայտարարել է դուրս գալու մասին:

Նա նշել է, որ Մոսկվան կպաշտպանի երկրի տարածքային ամբողջականությունը, բնակչությանն ու իր սկզբունքները:

«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է պատերազմի, իսկ ԱՄՆ-ն պատրաստում է պատերազմը»,- ասել է նա:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, քանի որ Ռուսաստանը «չի հարգում» համաձայնագիրն ու «խախտում» է դրա դրույթները:

Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ: Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում  կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:

Մեկնաբանություններ