Հրապարակվեց: Ср, Окт 02, 2019
...

ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ. Ֆրենկ Փալոուն

Տարածել
Tags

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնցից մեկն այն է, որ ԱՄՆ-ն չպետք է խոչընդոտներ ստեղծի Ամերիկայի այն քաղաքացիների համար, ովքեր փորձում են այցելել Արցախ:

ԱՀ  նախագահի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել  է    ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը՝  նշելով, որ  ամերիկացիները  պետք  է  հնարավորություն  ունենան  այցելելու  Արցախ, որպես  զբոսաշրջիկներ:
Ֆրենկ Փալոունի  խոսքով՝  ինքն   օրինագիծ  է ներկայացրել պետդեպարտամենտ, որով    կոչ  է  արել,  որպեսզի  Արցախ  այցելության   դեպքերում    խոչընդոտներ  չլինեն:
«Քննարկել  ենք   նաև   Արցախի  անվտանգության  հարցը: Ինչպես  նաև  այն  խնդիրը, որ  ԱՄՆ-ն չպետք  է  ռազմական  և  ֆինանսական    աջակցություն  ցուցաբերի  Ադրբեջանին: Վերջին  երկու  տարիների  ընթացքում  Ամերիկայի   կողմից  ռազմական  աջակցությունն  Ադրբեջանին  աճել  է,  և  մենք    նամակ  ենք   հղել  պետդեպարտամենտ, որով  կոչ  ենք  անում   դադարեցնել   այդ  աջակցությունը: Քննարկել ենք  նաև  արցախա-ադրբեջանական  հակամարտության  խաղաղ  լուծմանը  վերաբերող  հարցեր: Եկել  ենք  այն   եզրակացության, որ  իրավիճակը  չափից  ավելի     լարված  է, իսկ   որպեսզի  խաղաղ  կարգավորում  լինի  պետք  է   աշխատենք  այդ  լարվածությունը   թուլացնել»,- մասնավորապես  ավելացրել  է  Ֆ. Փալոունը:
Ըստ  նրա՝   Կոնգրեսի   հայկական  հարցերով  հանձնախումբը    25  տարի  առաջ ստեղծվել   է  իր  կողմից:  Նպատակն  այն  էր, որ  Կոնգրեսի    երկու  կողմերին՝  դեմոկրատներին  և  հանրապետականներին  կոչ անեն, որպեսզի  նրանք   աջակցեն  Հայաստանին  և  Արցախին՝  բարելավելով  ԱՄՆ-Արցախ  և  ԱՄՆ-Հայաստան  կապը:
«Մենք  փորձում  ենք  մեր  կոլեգաներին ուղղորդել, որպեսզի  նրանք  ավելի   մեծ ուշադրություն  դարձնեն Արցախի և Հայաստանի  հարաբերությունների  զարգացմանը»,-նշել  է  Ֆ. Փալոունը:
Մեկնաբանություններ