Հրապարակվեց: Пн, Окт 07, 2019
...

ԱՄՆ-ն հրաժարվել է աջակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը

Տարածել

Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո, գրում է Politico-ն:

Վաշինգտոնում հաստատել են, որ Թուրքիայի ծրագրած գործողությունը «շուտով» կսկսվի:

«ԱՄՆ ուժերը, որոնք հաղթել են ԻՊ-ի տեղական «խալիֆայությանը», այլևս չեն գտնվի անմիջական հարևանությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը հիշեցնում է, որ քուրդ զինվորները նույնպես գործել են ամերիկյան զորքերի հետ Սիրիայում, սակայն Թուրքիան այդ ուժերը դիտարկում է որպես իր թշնամի։ Քրդական ուժերը, որոնք պայքարում էին քրդերի համար անկախ հայրենիքի համար, կարող են լուրջ վտանգի մեջ հայտնվել, երբ թուրքական զորքերը ներխուժեն այդ շրջան։

Էրդողանը դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների՝ քրդական ուժերին ցուցաբերած աջակցությունից:

Սպիտակ տունը, ինչպես գրում է աղբյուրը, իր հայտարարությունն օգտագործել է նաև իր եվրոպացի դաշնակիցներին «դաշույնահարելու համար»։

«Միացյալ Նահանգների կառավարությունը ճնշում է գործադրել Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների վրա, որտեղից եկել են ԻՊ-ի շատ գրոհայիններ՝ հորդորելով հետ տանել իրենց քաղաքացիներին, բայց նրանք հրաժարվել են իրենց քաղաքացիներից»,- ասված է հայտարարության մեջ:

Ընդ որում, Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան պատասխանատվություն է կրելու ԻՊ բոլոր գրոհայինների համար, որոնք գերեվարվել են ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո վերջին երկու տարվա ընթացքում:

Հաղորդվում է նաև, որ առաջիկա շաբաթներին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Էրդողանի հանդիպումը:

Նախօրեին Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի ռազմական գործողության նախապատրաստման ֆոնին հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:

«Այժմ մենք կենտրոնացած ենք Սիրիայի հյուսիսում՝ հյուսիս-արևելքում անվտանգության մեխանիզմի աշխատանքի ապահովման վրա»,- պատասխանել էր Էսպերը հարցին, թե Վաշինգտոնը պլանավորում է դուրս բերել բոլոր զորքերը Սիրիայից այն ժամանակ, երբ Թուրքիան լայնածավալ ներխուժում կսկսի այդ երկիր:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողության նախապատրաստման ավարտի մասին, որից հետո Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ զորքեր և տեխնիկա էր տեղակայել:

Մեկնաբանություններ