Հրապարակվեց: Вт, Ноя 27, 2018
...

ԱՄՆ-ն Կերչի նեղուցում տեղի ունեցած կոնֆլիկտի հարցով Պուտինին ու Պորոշենկոյին բանակցելու կոչ է արել

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կոչ անելով նոյեմբերի 25-ին Ազովի ծովում ռուսական և ուկրաինական նավերի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հարցով ուղիղ բանակցություններ սկսել:

Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում նշվում է, որ «կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու պահպանեն իրենց ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները»:

«Կոչ ենք անում նախագահներ Պորոշենկոյին ու Պուտինին ուղղակիորեն մասնակցել ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին»,-ասվում է հայտարարությունում:

Բացի այդ, պետքարտուղարը կոչ է արել Մոսկվային ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին ու կալանված նավերը:

Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, համաձայն որի՝ Ուկրաինայի տարածքում 30 օրով ռազմական դրություն է սահմանվում:

Ավելի վաղ որոշումը ստորագրել էր Պորոշենկոն:

Հայտնի է, որ ռազմական դրություն կսահմանվի Ուկրաինայի բոլոր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի հատվածներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:

Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով տուժել է երեք ուկրաինացի նավաստի:

Մեկնաբանություններ