Հրապարակվեց: Ср, Апр 17, 2019
...

ԱՄՆ-ն Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման նոր առաջարկ է արել

Տարածել
Tags

Թուրքիան ԱՄՆ-ից Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման նոր առաջարկ է ստացել, գրում է РИА Новости-ն:

Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենի հետ իր բանակցությունները:

«Patriot զենիթահրթիռային համալիրի վերաբերյալ բազմափուլ բանակցություններից հետո ԱՄՆ-ն մեզ տվյալ համակարգի գնման նոր առաջարկ է արել: Այժմ մեր մասնագետներն ու գերատեսչությունները զբաղվում են առաջարկի մանրամասն ուսումնասիրությամբ: Հենց որ այդ աշխատանքներն ավարտվեն, մենք անմիջապես արդյունքների մասին կհայտնենք ամերիկացի գործընկերներին»,- հայտարարել է Աքարը:

Թուրքիայի պաշտպանության նախարարն այժմ աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Patriot զենիթահրթիռային համալիրի ձեռքբերման համար Անկարային նույնքան շահավետ պայմաններ չի առաջարկել, որքան Ռուսաստանը՝ C-400 համակարգերի համար:

Ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումն Անկարայի ու Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերություններում լարվածություն է ստեղծել: Ամերիկյան կողմը պահանջում է Թուրքիայից հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ ամերիկյանի:

Թուրքիայի իշխանություններն այդ հարցում կոշտ դիրքորոշում են զբաղեցրել՝ հայտարարելով, որ անգամ Patriot-ը գնելու դեպքում չեն հրաժարվի ռուսական С-400-ից, քանի որ «այս թեմաները միմյանց հետ փոխկապակցված չեն»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել է 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Նշվում է, որ այդ համակարգերի մատակարարումը կսկսվի ամռանը:
Մեկնաբանություններ