Հրապարակվեց: Пт, Янв 19, 2018
...

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել քրդերի վրա հարձակվելու փոխարեն կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում Թուրքիային գործողություններ չձեռնարկել սիրիացի քրդերի դեմ, այլ կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարի վրա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

«Մենք, իհարկե, հստակ չգիտենք, թե դա կլինի, թե ոչ: Մենք կոչ կանեինք թուրքերին չձեռնարկել այդ տեսակի գործողություններ: Մենք ցանկանում ենք, որ այնտեղ բոլորը կենտրոնացած լինեն ԻՊ-ի վրա: Պետք է կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա: Մենք չենք ցանկանում, որ Թուրքիան բռնության դիմի, մենք ցանկանում ենք, որ նա պայքարը կենտրոնացնի ԻՊ-ի դեմ պայքարի վրա»,- ասել է Նոյերթը:

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ Սիրիայում ստեղծել «սահմանային անվտանգության ուժեր», և նշել է, որ Անկարային վրդովեցրած այդ հարցը «սխալ էր դրվել», իսկ քրդերին տրամադրվող օգնության գլխավոր նպատակն ԻՊ-ից ազատագրված շրջանների անվտանգության ապահովումն է: Նոյերթը նաև լրագրողներին խորհուրդ է տվել պարզաբանումների համար դիմել թուրքական կողմին և պարզել, թե ինչն է այդքան անհանգստացնում Անկարային:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Թուրքիային, որը պատրաստվում է հարձակում գործել քուրդ զինյալների ենթակայության տակ գտնվող Աֆրին շրջանի վրա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտնել է, որ անցել է Սիրիայում, այսպես կոչված, «սահմանային անվտանգության ուժերի» ստեղծմանը՝ Սիրիական դեմոկրատական ուժերի հետ միասին:

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից «Սիրիայի սահմանային անվտանգության ուժեր» ստեղծելու և դրանում 30.000 քուրդ զինյալ ներառելու մտադրության մասին հայտարարությունները կոշտ քննադատության էին արժանացել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի իշխանությունների կողմից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սպառնալով մի քանի օրում ոչնչացնել Սիրիայի քուրդ գրոհայիններին, հայտարարել էր, որ Աֆրինում ռազմական գործողություն կարող է սկսել մոտ ժամանակներս:

Մեկնաբանություններ